2016-ն ծրագրվում է ստանալ ավելի քիչ եկամուտներ, քան 2015-ին
«ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,183 մլրդ դրամի չափով, 2015 թ. համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թ. փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: Այդ մասին 2016 թվականի բյուեջի քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ ՀՀ 2016 թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 21.7%` 2015 թ. համար հաստատված 24.5%-ի և 2014 թ. փաստացի 22.6%-ի դիմաց:
«Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2016 թ. համար
ծրագրվել են 1,129.0 մլրդ դրամի չափով՝ 2015 թ. համար հաստատված և 2014 թ. փաստացի համադրելի մուտքերի համապատասխանաբար՝ 1,138.7 և 1,049.0 մլրդ. դրամի դիմաց:
Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2016 թ. ծրագրային մակարդակը
կազմում է ՀՆԱ-ի 20.7%-ը` 2015 թ. համար ծրագրային և 2014 թ. փաստացի համապատասխանաբար 23.4%-ի և 21.7%-ի դիմաց»,- ասաց փոխնախարարը:
Ինչպես և նախորդ տարիներին, 2016 թ. հարկային եկամուտների և պետական
տուրքերի գծով տարեկան ցուցանիշը ծրագրվել է ըստ նախորդ տարիների հավաքագրման և մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների, տնտեսական
գործոնների և վարչարարական միջոցառումների իրականացումից ակնկալվող լրացուցիչ
մուտքերի:
Նախորդ տարիների հավաքագրման և մակրոտնտեսական միջավայրի
զարգացման միտումների հիման վրա հարկային եկամուտները և պետական տուրքերը 2016 թ. համար ծրագրվել են 1,104.9 մլրդ դրամի չափով, ներառյալ ավելացված արժեքի
հարկի գծով հետ վերադարձի գումարները: Ըստ տնտեսական գործոնների (այդ թվում` վարչարարական միջոցառումների) իրականացումից 2016 թվականին ակնկալվում է հավաքագրել 24.0 մլրդ. դրամ: