Լեջանում 27 տարի անց բնակարանամուտ տոնեցին
88-ի ավերիչ երկրաշարժից 27 տարի է անցել, սակայն, Հայաստանի հյուսիսում, ցավոք, դեռ առկա են արհավիրքի հետքերը: Բազմաթիվ ընտանիքներ տարիներ առաջ դարձան տնազուրկ, նրանցից շատերը մինչ օրս էլ կառուցում են` շարունակելով հուսալ, որ մի օր նորից տուն կունենան:
Մարգարյանների ընտանիքը մեկն է Լոռու մարզի Լեջան գյուղում բնակվողներից, որոնք արհավիրքի հետևանքով զրկվել են իրենց տնից և առ այսօր ապրում էր ժամանակավոր կացարանում: Առանց կոմունալ հարմարությունների, փոքր ու անշուք վագոն-տնակը Մարգարյանների երկու զավակների համար եղել է տան միակ նախատիպը. դուստրն արդեն ամուսնացել է, իսկ որդին չի ամուսնանում՝ պայմանների պատճառով:
«Իմ և ամուսնուս երիտասարդությունն անցել է այս դոմիկում: Ամուսինս այս էլ քանի տարի գնում է արտագնա աշխատանքի, որ կարողանանք քարը քարին դնել ու տուն կառուցել՝ գոնե մեր որդու համար, սակայն տարիներն անցնում են, ու մենք մինչև վերջերս միայն պատերն էինք կառուցել: Այսօր, երբ տեսնում եմ մեր կառուցված տունը, չեմ հավատում աչքերիս: Իմ ամբողջ կյանքի երազանքը կատարվել է այսօր»,- ասել է ընտանիքի մայրը՝ Հասմիկը:
Մարգարյանների տուն ունենալու վաղեմի երազանքն իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այցելել են Մարգարյաններին՝ նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:
«Այս տարի Լոռու մարզում իրականացվել է կիսակառույց երկու տան շինարարություն: Եվս երեք ընտանիքի համար էլ իրականացվել է տանիքի վերանորոգում: Երջանիկ եմ տեսնել այս ընտանիքի ուրախությունը, ում տուն ունենալու երկարատև սպասումը վերջապես ավարտվեց»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: