Ազատամարտիկը գումա՞ր է վերցրել իրեն ծեծողներից
Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն ծեծի ենթարկածների հետ առերեսում եղել է մեկ անգամ, այն էլ՝ հիվանդանոցում։
«Մոտ 15-20 օր առաջ է եղել առերեսում, էս ընթացքում Ռուբեն Հայրապետյանին են կանչել հարցաքննության, որից հետո նաև ինձ, բայց գործի բացահայտման հետ կապված նոր մանրամասներ չունենք»,-նշեց ազատամարտիկը։
Հակոբյանը հերյուրանք համարեց իր և իրեն ծեծողների միջև գումարի դիմաց հաշտության գալու լուրերը. «Չէ, չէ, տենց բան չկա, թյուրիմացություն է, որևէ մեկի հետ համաձայնության գալու խնդիր չունեմ, գաղտնիք չեմ պահում, որևէ բանկացային պրոցես չկա, որևէ մեկը չի խառնվում, պատկան մարմինները իրենց գործը այս պահի դրությամբ անում են, համաձայնություն լինել չի կարող»։
Նշենք, որ Ս.Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել էր հունիսի 23-ին իր և ՀՖՖ—ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած հեռախոսազրույցը, որի ընթացքում Հայրապետյանն ազատամարտիկին ասել էր. «Արա՛, լսի ինչ եմ ասում, ես քո հետ ինչ պիտի խոսամ, ասում եմ, գնա, նստի տունդ, թե չէ վաղը քո հետ ուրիշ մարդիկ կխոսեն, ուրիշ ձևի։ Արա, ասում եմ՝ վեր ընգի տանդ, թե չէ կասեմ, ոտերդ կջարդեն»:
Հիշեցնենք, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Ս.Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին և Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, սակայն նրանցից 2-ն է կալանավորվել, մեկին գրավով ազատ են արձակել: