16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նույնիսկ այդ բառը՝ «վախ», մենք չգիտեինք

Արցախյան պատերազմի պատմությունը հագեցած է հերոսական դիմակայության, հաղթելու կամքի և ազատության ձգտման ապացույցներով: Յուրաքանչյուրի շուրթերից հնչում են Շուշիի ազատագրման, Քարվաճառի գործողության, Ստեփանակերտի ապաշրջափակման մասին պատմությունները: Եվ այս շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Քարինտակ գյուղի պաշտպանությունը: Քարինտակով է բացվում Լեռնային Ղարաբաղի հայերի՝ ազատության համար մղվող հերոսական պայքարի պատմության առաջին էջը՝ ձեռք բերելով շրջադարձային նշանակություն:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն իր կողմից իրականացվող «Հերոս գյուղ Քարինտակ» ծրագրով նպատակ ունի հանրության մոտ ամբողջական պատկերացում ձևավորել անպաշտպան գյուղի դիմակայության պատմության մասին: Այդ նպատակով ՀԿ անդամները գործուղվել են Քարինտակ, զրուցել քարինտակցիների հետ, և այդ զրույցների արդյունքները հրապարակում են մամուլում, ինչպես նաև կզետեղեն ստեղծվելիք կայքում։ Կայքում կամփոփվեն ինչպես Քարինտակ գյուղի պատմությանը վերաբերող տեղեկատվական բազան, այնպես էլ՝ ադրբեջանական բանակին հայերի դիմակայությանն առնչվող դրվագները:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արմինե Ադիբեկյանը նշում է, որ Քարինտակի հաղթանակը խորհրդանշական էր Արցախյան գոյամարտի համատեքստում։ Ըստ ՀԿ ղեկավարի՝ Քարինտակի հերոսամարտը շատ քիչ է լուսաբանվում. «Մենք ունենք ողբերգական էջեր և, չգիտես ինչու, դրանց ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան հաղթանակներին։ Եվ մենք որոշեցինք, որ այդ սխալը պետք է ուղղվի»։

Քարինտակը գյուղ է Շուշիի շրջանում՝ Շուշիի քերծերից ներքև՝ քաղաքից 2,5 կմ հեռու: 1992թ. հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը: Դիմակայությունն իրականացվում էր մեծաթիվ դիվերսանտներից բաղկացած խմբի դեմ, որը ղեկավարվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Տ. Մեհդիևի կողմից: Լինելով կտրված արտաքին աշխարհից, իրենց եղբայրներից՝ Քարինտակի բնակիչներն ընդունեցին մարտահրավերը, իրենց մեջ ուժ և քաջություն գտան Ադրբեջանի բանակի դեմ մարտնչելու, աներեր մնալու։ Լավ կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ՝ ադրբեջանական կողմը պարտվեց և նահանջեց՝ թողնելով զենքը, կրելով մեծ կորուստներ: Այդ օրը նշվում է որպես Քարինտակի հերոսամարտի օր:

Արմինե Ադիբեկյանն առանձնացնում է քարինտակցիների համառությունը, որ կարողացան դիմադրել հոգեբանական, կենցաղային, ռազմական ճնշումներին. «Նրանք պատրաստ էին այդ դժվարություններին, և ստեղծված զրկանքները նրանց հետ չկանգնեցրին ընդունած որոշումից։ Քարինտակը մտնում էր «Օղակ» գործողության ծրագրի մեջ, և խորհրդային բանակի կողմից պետք է հայաթափվեր։ Անգամ այդ պարագայում դիմադրեցին և չլքեցին գյուղը»։

Քարինտակցի, հերոսամարտի մասնակից Արտյուշա Ավանեսյանը, հիշելով պատերազմական օրերը, նշում է, որ այն ժամանակ իրենք չէին զգում իրավիճակի սարսափելի լինելը. «Երբ հիմա վերհիշում եմ, մտածում եմ՝ ինչ հիմար էինք. գյուղը շրջապատված էր չորս կողմից, շուրջը զինված ադրբեջանցիներ էին, բայց մենք վախի նշույլ անգամ չունեինք։ Նույնիսկ այդ բառը՝ «վախ», մենք չգիտեինք»։

Նշենք, որ «Հերոս գյուղ Քարինտակ» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112

E-mail: [email protected]

http://heh.am/

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ