16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Լավով չես ուզում, վատով կանեմ».Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռաֆիկ Միլիտոնյանի և Գուրգեն Գալստյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 25-ամյա Ռաֆիկը 2015 թվականի հունվարի կեսերին ամուսնության առաջարկություն է արել Արարատի մարզի դպրոցներից մեկում որպես ուսուցչուհի աշխատող Ալլա Ռ.-ին (անունը փոխված է):

Աղջիկը մերժել է Ռաֆիկի առաջարկը: Ռաֆիկն ասել է. «Լավով չես ուզում, վատով կանեմ»:

2015 թվականի փետրվարի 9-ին Ռաֆիկն իր հորաքրոջ որդի Գոռին, վերջինիս փեսաներ Գուրգենին ու Էդգարին հավաքել ու ասել է, թե Ալլան իր ընկերուհին է, նրա հետ ուզում է գնալ Երևանում «զբոսնելու»:

Երիտասարդներից՝ Գուրգենը իր վարած «ԲՄՎ» մեքենայով, նրա հետ՝ Ռաֆիկ Միլիտոնյանը, Գոռն ու Էդգարը նույն օրը, ժամը 15-ի սահմաններում գնացել են Ալլայի բնակավայրը ու նրա տուն տանող ճանապարհի մոտ սպասել են:

Երբ տեսել են ոտքով դեպի տուն գնացող Ալլային, Գուրգենը Ռաֆիկի խնդրանքով մեքենան վարել է աղջկա կողքով ու կանգնել է նրա տան դիմաց:

Ռաֆիկն իջել է մեքենայից, Ալլային բռնի ուժով նստեցրել է մեքենա: Այդ գործողության ընթացքում աղջկա գլուխը դիպել է մեքենայի դռան շրջանակին, աղջիկը, առևանգվելուն զուգընթաց, ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք՝ գլխի աջ կողմնաքունքային շրջանի արյունազեղման ձևով:

Աղջկան մեքենա նստեցնելուն պես Ռաֆիկի պահանջով Գուրգենը վարել է մեքենան: Աղջիկը դիմադրել է, ճանկռել է Ռաֆիկին, պահանջել է, որ իրեն բաց թողնեն:

Գուրգենը, հաշվի չառնելով աղջկա խնդրանքները, նրա կամքին հակառակ մեքենան վարել է Եղեգնաձոր: Աղջկան տարել է նախ իր ազգականի ամառանոց, ապա նույն ազգականի տուն, դրանից հետո էլ՝ Ռուսաստանում գտնվող իր մորեղբոր չբնակեցված տուն:

Այնտեղ Գուրգենը թողել է Ռաֆիկին ու Ալլային, ինքը հեռացել է:

Բայց այս առևանգումն ամուսնությամբ չի ավարտվել, աղջիկը մինչև վերջ մերժել է իրեն առևանգողին:

Փետրվարի 11-ին ձերբակալվել է Ռաֆիկը, իսկ փետրվարի 27-ին՝ Գուրգենը: Նրանք մեղադրվել են մարդու առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, նրանց միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող աղջիկը դիմումով դատարանին հայտնել է, որ ներել է ամբաստանյալներին, խնդրել է նրանց նկատմամբ մեղմ լինել:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները զղջացել են կատարածի համար,  ամբաստանյալ Գուրգեն Գալստյանի խնամքին է մեկ տարեկան երեխան:

Ռաֆիկ Միլիտոնյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար և դատապարտվել է 3 տարի իրական ազատազրկման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ