Ազատեցին, որ մահանա. խոսքերի փոխարեն՝ արցունքներ /վիդեո/
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին բավարարեց ցմահ դատապարտյալ, ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանին հիվանդության պատճառով պատժից ազատելու միջնորդությունը և որոշեց ազատ արձակել նրան:
Սողոմոն Քոչարյանն ունի պատժի կրմանը խոչընդոտող մի շարք հիվանդություններ: Դատապարտյալների հիվանդանոցի ներկայացուցիչը, այսօր դատարանում ներակայացնելով միջնորդությունը, ասել էր, որ նա մասնավորապես ունի սրտի իշեմիկ հիվանդություն և պատժի կրման հետ անհամատեղելի այլ հիվանդություններ:
Դատախազության ներկայացուցիչը միջնորդությունը հիմնավոր էր համարել: Սողոմոն Քոչարյանն այս պահին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սողոմոն Քոչարյանի քույրը նշեց, որ ուրախ է եղբոր համար, միաժամանակ տխուր է, քանի որ նրա առողջական վիճակը ծանր է: Տիկին Անժելան դժվարությամբ է խոսում՝ արցունքները հեր չեն տալիս խոսքերին.
«Էնքան բան եղավ ախպորս հետ: Ես Ռուսաստանում եմ բնակվում, հիմա եկել եմ ու ուզում եմ նրան գրկել ազատության մեջ»,-արցունքները չզսպեց Անժելա Քոչարյանը:
1995թ. 29-ամյա Սողոմոն Քոչարյանը մեղավոր էր ճանաչվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա Իրանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու կանխամտածված սպանության և թալանի մեջ` դատապարտվելով մահապատժի, որը 2003-ից փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Սողոմոն Քոչարյանի 19-ամյա դուստրը, ով մոր մահից հետո միայնակ էր մնացել, ինքնասպան է եղել 2014թ. մարտի 1-ին։
Մանրամասները՝ տեսանյութում: