Տաքսի չկա, երթուղայինի մասին խոսք չկա.Ազգ
Մինչ ձյան գալը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացնում էին, որ պատրաստ են դրան, ունեն աղի, ավազի պաշարներ, տեխնիկա եւ այլն: Թե ինչպե՞ս մաքրվեցին փողոցները եւ մայթերը ձյունից, թողնում ենք յուրաքանչյուր երեւանցու եզրակացությանը, անկախ այն բանից, որ երեկ տարածած հաղորդագրության մեջ քաղաքապետարանը հավաստիացնում էր, որ ձնամաքրման աշխատանքները ընթացքի մեջ են:” Ամեն դեպքում, եթե այս առումով, լավ թե վատ, ինչ-որ աշխատանքներ կատարվեցին, ապա նույնը չի կարելի ասել երեկվա եւ նախորդ օրվա հասարակական տրանսպորտի վիճակի մասին: Այստեղ պարզապես խայտառակ անտերություն էր”,-գրում է “Ազգ”-ն ու շարունակում. “Ձյուն գալու առաջին օրն արդեն կանգառներում սկսվեցին ավելանալ կուտակումները: Թե առավոտյան, թե երեկոյան ժամերին, ինչպես միկրոավտուբուսները, այնպես էլ ավտոբուսները սկսեցին ավելի հազվադեպ ու գերբեռնված երեւալ: Տրանսպորտի դեֆիցիտն այնքան մեծ էր, որ տեղացող ձյան տակ անհուսորեն սպասողների համար դժվար էր անգամ ազատ տաքսի գտնելը: Այդ նույն օրը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը (Հենրիկ Նավասարդյանը) զեկուցում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ շարունակվել է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ եւ հատկապես ուշադրություն է դարձվել առավոտյան եւ երեկոյան ժամերին հաստատված չվացուցակների խախտման դեպքերին: Առնվազն տարօրինակ է թվում, թե ինչպե՞ս է կատարվել այդ հսկողությունը եւ ի՞նչ արդյունքներ է տվել ուշադրությունը չվացուցակների խախտման դեպքերին, երբ քաղաքապետարանի պատերից դուրս այդ ամենն աննկատ էր: Այնուամենայնիվ, մնում էր հուսալ, որ գուցե հաջորդ օրը ինչ-որ դրական փոփոխություն լիներ: Հաջորդ օրը, այսինքն երեկ, իրոք, որ փոփոխություն եղավ, բայց ոչ դրական: Վաղ առավոտից կուտակումները կանգառներում ոչ միայն չէին նվազել, այլեւ ավելացել էին, ինչին զուգահեռ` շահագործվող ավտոբուսներն ու միկորավտոբուսներն էլ նվազել էին: Հատկապես միջնականգառներում, երթեւեկող միկրոավտոբուսներից շատերը պարզապես չէին կանգնում, քանի որ գերհագեցած էին ուղեւորներով, իսկ կանգնողներն էլ անմիջապես գրոհի էին ենթարկվում այնտեղ մտնելու նպատակ ունեցողների կողմից: Բնականաբար, քչերին էր դա հաջողվում: Նույնն էր տեղի ունենում նաեւ երեւացող ավտոբուսների դեպքում: Մի խոսքովՙ տրանսպորտի վարչության պետի «ուշադրությունը» չվացուցակները խախտողների նկատմամբ առանձնապես չէր երեւում: Կցանկանայինք այստեղ հիշեցնել, որ Հենրիկ Նավասարդյանը տրանսպորտի վիճակի բարելավման նախապայման էր համարում սակագնի բարձրացումն ու 200 դրամ դարձնելը: Հիմա, եթե սակագինը լիներ 200 դրամ, երեկ եւ նախորդ օրը տրանսպորտը նորմալ կաշխատե՞ր եւ կբավարարե՞ր մարդկանց: Ոչ իհարկե: Ընդամենը սակագինը փոխված կլիներ, եւ մարդիկ 100 դրամի փոխարեն 200 դրամ պետք է վճարեին, քանի որ մինչեւ սակագնին անդրադառնալը հարկ է նախ ապահովել անհրաժեշտ քանակի շարժակազմով: Մինչ սակագնի մասին խոսելը հիշեցնենք, որ երթուղիների մրցույթները նոր են ավարտվել, եւ շահած կազմակերպությունները պետք է պատրաստ լինեին նաեւ ձմռան խնդիրներին: Ինչպես տեսնում ենք, այդպես չէ` միկրոավտուբուսներից շատերը ձյան պատճառով դուրս չեկան երթուղիներ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ քաղաքապետարանը եւ “Երեւանտրանս” պետական ընկերությունը պատժամիջոցներ չեն կիրառում նրանց նկատմամբ: Այսինքն, հերթական անգամ պետք է փաստել այս կառույցների անգործությունն ու ավելորդությունը: Հարկ է արձանագրել նաեւ, որ տրանսպորտային սպասարկման այս համակարգն իրեն չի արդարացնում: Քաղաքացիները արդացիորեն բողոքում են տրանսպորտի անմխիթար վիճակից, երթուղիները սպասարկողները` սակագնից, իսկ քաղաքապետարանը ոչինչ չի կարողանում անել հավերժ թվացող այս իրավիճակը շտկելու ուղղությամբ: Գուցե ժամանակն է լրջորեն քննարկելու երթուղիների սպասարկումը մասնավորից վերցնելու եւ քաղաքային իշխանություններին վերապահելու հարցը, երբ պատասխանատվությունն ավելի որոշակի կլինի եւ սակագնի ու տրանսպորտային ծախսի տարբերությունն էլ կհոգա քաղաքային բյուջեն: Նման առաջարկ արել է օրենսդրության կարգավորման կենտրոնը, եւ մնում է սպասել, թե ինչ հետագա զարգացումներ կունենա: Իսկ մինչ այդ շտապենք կանգառ` համալրելու տեղացող ձյան տակ տրանսպորտի սպասող մեր աննկուն համաքաղացիների շարքերը”: |
|