20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս տարի արձանագրվել է մայրական մահացիության 5 դեպք

Երբեմն ասում են` հայերս այնքան քիչ ենք, որ յուրաքանչյուր կյանք թանկ է մեզ համար։ Իրականում, նշանակություն չունի` շատ ենք, թե քիչ, յուրաքանչյուր կյանք անգնահատելի է։ Գուցե առավել թանկ է մայրական կյանքը։ Քանի որ մեծապես նրա գոյությամբ է պայմանավորված նորածնի և, ընդհանրապես, երեխաների առողջությունն ու կյանքի որակը։ Գուցե թե նաև այս հանգամանքն է խթան հանդիսացել, որ առողջապահական համակարգում ամենից կանոնակարգված ու չափագրված ոլորտներից մեկը ծննդօգնությունն է։

Հայերս բավական զգացմունքային ազգ ենք և խիստ ծանր ենք ընդունում հատկապես մայրական ու մանկական մահացության ցանկացած դեպք։ Երբեմն նույնիսկ հաշվի չառնելով, որ իրավիճակներ են առաջանում, երբ անգամ ամենազարգացած երկրներում հնարավոր չի լինում փրկել ծննդաբերի, ծննդկանի կամ նորածնի կյանքը:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով մեր երկրում տարեկան արձանագրվում է հղիության ախտաբանության 18 հազար դեպք: Նրանցից 70-80-ի մոտ ախտաբանությունն ընթանում է ծայրահեղ ծանր, կյանքին վտանգ սպառնալով: Բարեբախտաբար, որակյալ բժշկական օգնության, ոլորտում ներդրված գործելակարգերի և չափորոշիչների խելամիտ կիրառման շնորհիվ յուրաքանչյուր 4-5 օրը մեկ Հայաստանում մոր կյանք է փրկվում։

Կրիտիկական վիճակներ ստեղծվում են ծննդաբերության ընթացքում կամ հետծննդյան բարդությունների արդյունքում։ Նման դեպքերում ծննդկանների կյանքի փրկության համար պայքարում են ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգները, այլև մյուս նեղ մասնագետները։

Ներկայացնում ենք 4 դեպք, երբ հետծննդյան բարդությունների արդյունքում առաջացած կրիտիկական ծանր վիճակից ծննդկանները դուրս են եկել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նեղ մասնագետների որակյալ բժշկական օգնության շնորհիվ:

Նշենք, որ 4 ծննդկանն էլ կենտրոնի վերակենդանացման բաժանմունք են ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում։ Ծառայության ղեկավար Արա Ղազարյանի ղեկավարությամբ բաժանմունքի փորձառու մասնագետների կողմից իրականացված միջամտությունների և ինտենսիվ թերապիայի շնորհիվ փրկվել է երիտասարդ մայրիկների կյանքը։ Թիմին մասնագիտական և դեղորայքային մշտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը։

2015թ. օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի 31-ամյա Զ. Է.-ն արգանդի էքստիրպացիայից հետո սուր շնչառական անբավարարություն, թոքերի արհեստական օդափոխություն, սուր անեմիա, հետարյունահոսական շոկ, սրտանոթային սուր անբավարարություն ախտորոշմամբ: Տարբեր նեղ մասնագետների 15 օրվա քրտնաջան աշխատանքի` միջամտությունների և ինտենսիվ թերապիայի շնորհիվ ծննդկանը տեղափոխվել է հիվանդասենյակ, այնտեղից դուրս գրվել առողջացումով։

24-ամյա Շ.Ռ.-ն Մեղրիից տեղափոխվել է սեպտեմբերի 2-ին` հետծննդյան պրեէկլամպսիա (հետծծնդյան ծանր, տոքստիկ վիճակ), սուր շնչառական անբավարարություն, արյունազեղում ուղեղի հյուսվածքներում ախտորոշումով: Ինտենսիվ բուժական միջոցառումների իրականացման արդյունքում հիվանդը 5-րդ օրը տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք, որտեղից դուրս է գրվել առողջացմամբ:

30-ամյա Ու.Մ.-ն սեպտեմբերի 17-ին տեղափոխվել է Երևանի Բեգլարյան բժշկական կենտրոնից` լյարդային անբավարարությամբ պայմանավորված հետծննդյան ծանր վիճակով` լյարդի ցիրոզ, ասցիտ ախտորոշումով։ Մասնագիտական բարձր պատրաստվածությամբ թիմին այս դեպքում օգնություն են ցուցաբերել հեպատոլոգները։ Համատեղ ջանքերի շնորհիվ ծննդկանը 5-րդ օրը տեղափոխվել է հիվանդասենյակ, որից հետո բուժումը շարունակել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 33-ամյա Հ.Մ.-ն կլինիկայի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել սեպտեմբերի 24-ին մայրական կյանքին սպառնացող մի շարք վտանգներով` հետծննդյան էկլամպսիա, գլխուղեղի արյան շրջանառության իշեմիկ տիպի սուր խանգարում ախտորոշումով։ Ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու համար մասնագետներից պահանջվել է մոտ 20 օր։ Առաջին 5 հորը ծննդկանի վիճակը եղել է անկայուն։ Երկարարատև արհեստական շնչառություն, մեծաքանակ, թանկարժեք դեղորայքի օգտագործում, ամենօրյա լաբորատոր հետազոտություններ, մի քանի անգամ կատարված շերտային տոմոգրաֆիական հետազոտություն, գինեկոլոգների և նյարդաբանների մշտական հսկողություն` այսպիսին է ծննդկանի կյանքը փրկելուն ուղղված միջոցառումների համառոտ ցանկը։ Ինտենսիվ բուժական միջոցառումների իրականացման շնորհիվ ծննդկանը նյարդաբանական բաժանմունք է տեղափոխվել առանց նյարդաբանական լուրջ դեֆիցիտի:

Նշենք, որ մայրական մահացության մեր ցուցանիշն ամենաբարվոքն է ԱՊՀ երկրներում և նույնն է` ինչ Արևելյան Եվրոպայում: Սա առողջապահության համակարգում և մասնավորապես մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում իրականացված բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների արդյունք է:

Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում (մինչև հետծննդյան 42-րդ օրը), բացառությամբ դժբախտ պատահարների: Ցուցանիշը հաշվարկվում է 100.000 կենդանածնի նկատմամբ:

Հայաստանում մայրական մահացության ցուցանիշի (ՄՄՑ) տարեկան տատանումները զգալի մեծ են, ինչը պայմանավորված է երկրի փոքր բնակչությամբ: Այն աննախադեպ բարձր է եղել 2000թ.-ին` կազմելով 71/100 000։ 2010-2014թթ. ընթացքում մայրական մահացության ցուցանիշը տատանվել է` 6.8-23.6 սահմաններում:

ԱՀԿ հանձնարարականով, եթե երկրի բնակչության թիվը պակաս է 5 միլիոնից, մայրական մահացության միտումների գնահատականը պետք է տրվի միջին եռամյա ցուցանիշի համեմատության կտրվածքով:

Հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կրճատվել է ավելի քան կիսով չափ (1999-2001թթ.` 40.3/100000, 2011-2013թթ.` 18,8/100000):

Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը շուրջ 1,5 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից (29,0), սակայն այն զգալի գերազանցում է Եվրամիության երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը (5,0):

2012-2014թթ. միտումները վկայում են, որ ՄՄ միջին տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 21%-ով (2012թ-23.6, 2013թ.` 21.5, 2014թ.` 18,6):

ՀՀ ԱՆ օպերատիվ ընթացակարգով հավաքագրված տվյալներով 2015թ. ընթացքում, հանրապետության ծննդօգնության հիմնարկներում արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք (նույն թիվը` 2014թ. նույն ժամանակահատվածում):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ