Մայրաքաղաքի մանկապարտեզներում ստուգվում է սննդի որակը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման հաղորդուղիների անցկացման և անհրաժեշտ մյուս աշխատանքները: Ավարտվել են նախատեսված ասֆալտապատման և տարածքի արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքները: Խմելու ջրի և ոռոգման խնդիրը լուծելու նպատակով կառուցվում են ջրագծեր, տեղադրվում նոր պոմպեր։ Էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվում են նոր հենասյուներ, կառուցվում ենթակայաններ:
«Հաջորդ տարի Նոր Խարբերդ թաղամասում մենք պետք է շարունակենք աշխատանքները բոլոր ուղղություններով և 2016-2017 թվականներին ամբողջությամբ ավարտին հասցնենք նախատեսված ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ պայմանների, ուսումնասիրման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում են ստուգայցերը: Զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կատարված ստուգումների ադյունքում սննդի որակի, պահպանման պայմանների և ժամկետների վերաբերյալ խախտումներ չեն արձանագրվել:
Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են կանաչ տարածքների խնամքի և մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ նախապատրաստվել աշնանային էտի աշխատանքներին: