Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ
2011 թվականից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 3-րդ կիրակին մեր երկրում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տոնին ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այս տարի նույնպես կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
Հոկտեմբերի 16-18-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3) տեղի կունենա «ArmProd EXPO» միջազգային մասնագիտացված ցուցահանդես, որին կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 16-ին կանցկացվի նաև «Հայագրոֆորում» համաժողովը:
Հոկտեմբերի 17-ին «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա գինեգործության թեմայով սեմինար՝ Չիլիից ժամանած փորձագետների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումները կամփոփվեն նույն օրը` ժամը 18։00-ին, «Կարապի լճի» հարակից տարածքում տեղի ունենալիք համերգային ծրագրով: