18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամ կստեղծվի

Սամվել Բալասանայնը Գյումրիի տնակների հետ կապված մեկնաբանություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հասկանալի է,  որ բանկային համակարգը չի կարող առաջարկել նման վարկային պրոդուկտ, ուստի մեզ անհրաժեշտ է  ստեղծել հիմնադրամ,  որից էլ պետք է  ֆինանսավորվի բնակարանների գնման գործընթացը:  Հիմնադրամը կկոչվի «Գյումրին առանց տնակների»,  որը պետք  է  համապատասխանի հետևյալ պահանջներին.

Ա.Ցանկացած չարաշահում բացառելու և Հիմնադրամի նկատմամբ լուրջ վստահություն ստեղծելու համար Հիմնադրամի կառավարման խորհուրդը պետք է լինի պետական և համայնքային կառույցներից անկախ մարմին և կազմված լինի հանրային վստահության մեծ պաշար ունեցող անձանցից,  հասարակական կազմակերպություններից, լրատվական դաշտից, հոգևոր դասից, հայրենակցական միություններից, մշակութային գործիչներից, ինչպես նաև՝ մեկական ներկայացուցիչ քաղաքապետարանից և մարզպետարանից:

Բ. Հիմնադրամի կառավարման խորհրդը պետք է օժտել հիմնադրամի մուտքերի և ելքերի նկատմամբ լիակատար վերահոսկողությամբ:

Գ. Ցանկացած տիպի չարաշահում կամ նույնիսկ չարաշահման կասկած բացառելու համար  կառավարման խորհուրդը պետք է լինի բաց,  պարբերաբար հանդես գա հաշվետվություններով, որոշումներն ընդունի կոնսենսուսով և ժամանակ առ ժամանակ՝ ենթարկվի ռոտացիայի:

Դ. Հիմնադրամի սկզբնական գումարն ապահովելու համար պետք է դիմել մեր համաքաղաքացիներին և հայրենակիցներին՝ Հայաստանում և Սփյուռքում, հատկացումներ անել քաղաքային բյուջեից: Հիմնադրամը պետք է իրականացնի դրամահավաք-մարաթոններ, կազմակերպի բարեգործական ներկայացումներ, համերգներ, ցուցահանդես-վաճառքներ, աշխատի բարեգործների հետ: Լավ մեկնարկի համար ինքս պատրաստ եմ բնակարան նվիրել տնակում բնակվող բազմազավակ մեկ ընտանիքի,  ինչպես նաև, որպես քաղաքապետ, Հիմնադրամին տալ ամբողջ աշխատավարձս և նվիրատվություններ անել ընտանիքիս պատկանող բիզնեսից: Հուսով եմ,  որ այդպես կվարվեն նաև մեր պաշտոնյաների և պատգամավորների մեծամասնությունը,  որպես լավ օրինակ:

Ե. Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին, առանց տոկոսների՝ 10 կամ 15  տարվա ընթացքում մարելու պայմանով:  Հետ վերադարձված գումարները ևս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը և տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150  բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդի էֆեկտ:

  1. Գիտեմ, որ մեր համաքաղաքացիներից շատերը չունեն նույնիսկ ամսական 30-40 հազար դրամ վճարելու հնարավորություն, բնականաբար դա չի կարող և չպետք է պատճառ հանդիսանա նրանց տնակներում թողնելու համար:  Ամենածայրահեղ պայմաններում գտնվող գյումրեցիների համար պետք է ձևավորել սոցիալական բնակարանների ինստիտուտ:  Բնակարաններ,  որոնք չեն լինի սեփականություն,  բայց մարդը և իր ժառանգները կարող են ապրել անժամկետ,  նորմալ մարդկային պայմաններում,  իսկ երբ ունենան ֆինանսական հնարավորություն,  կարող են պայմանագիր կնքել և գնել այդ բնակարանները:
  2. Պետք է ձևավորել հայտնի գյումրեցիներից և ոչ միայն գյումրեցիներից կազմված ծրագրի դեսպանների ինստիտուտ, որոնք ներկայացնելու են ծրագրի նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես՝ օգնեն դրամահավաքների կազմակերպմանը: Անհրաժեշտ եմ համարում թույլ չտալ նոր տնակների տեղադրում, և այս հարցում լինել խիստ ու հետևողական:
  3. Նաև պետք է իրականացնել չբնակեցված տնակների ապամոնտաժման ծրագիր՝ դրանց տերերին տրամադրված որոշակի փոխհատուցման դիմաց:

Սիրելի գյումրեցիներ,  իհարկե, սա ընդհանուր բովանդակությունն է այն ամենի՝ ինչ մենք պետք է անենք մեր քաղաքի կարևորագույն խնդիրը լուծելու համար:

Սպասում եմ Ձեր արձագանքներին և առաջարկներին

Հարգանքով՝ Ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան:»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ