Կարմիր գծեր արգելված վայրում կամ վճարիր չկանգնելու համար. Հայկական ժամանակ
Արդեն երկու տարուց ավելի է, ինչ Երևանում գործում է ավտոմեքենաների կայանման տեղական տուրքը, կամ, ժողովրդի լեզվով ասած, «կարմիր գծերը»։
Քաղաքացիներն արդեն սովոր են, որ ավտոմեքենան կարմիր գույնի կետագծերով «զարդարված» ճանապարհահատվածներում 15 րոպեից երկար ժամանակով կայանելիս պետք է կատարեն համապատասխան վճարումը (սովորաբար՝ ՏMՏ հաղորդագրության միջոցով)։
Միևնույն ժամանակ, արդեն շուրջ 4 տարի է, ինչ Երևանում բազում խաչմերուկներ և տարբեր ճանապարհահատվածներ կահավորված են երթևեկությանը վերահսկող տեսախցիկներով, որոնք անխնա տուգանում են բոլոր այն վարորդներին, ովքեր տեսախցիկի «աչքի տակ» խախտում կգործեն։
Այդ տեսախցիկների կողմից ամենաշատը արձանագրվող խախտումների թվին է պատկանում ավտոմեքենայի սխալ կայանամը, որն ապահովում է հավաքվող տուգանքների զգալի մասը։
Անգրագիտությունն ու դրան նպաստելը
Բանն այն է, որ վարորդների զգալի մասը չգիտի, թե որտեղ կարելի է կանգնել, իսկ որտեղ ոչ։ Ավելին, շատ ավելի հաճախ վարորդները չգիտեն, թե թույլատրված վայրում կարելի է կայանել փողոցին զուգահեռ, թե ուղղահայաց։
Եթե մի երկրում վարորդների զգալի տոկոսը չգիտի երթևեկության կանոնները, ապա դրա մեղավորը ոչ թե վարորդներն են, այլ իրենց վարորդական վկայական տված պետական մարմինը… Հայաստանի դեպքում ճանապարհային ոստիկանությունը։ Ու թեեւ ազնվությամբ պետք է ընդունել, որ այժմ վարորդականների տեսական քննությունը առավել խիստ է, սակայն տարիներ, անգամ տասնամյակներ շարունակ ճանապարհային ոստիկանությունը «թողարկում» էր անգրագետ վարորդների, ովքեր այժմ մեքենա են վարում ու մի գլուխ տուգանվում։
Վճարովի է, բայց արգելվում է
Շատ հաճախ կարմիր գծեր են գծվում այնտեղ, որտեղ նշաններով ու գծանշումներով կայանելն ու կանգառ կատարելն արգելվում է:
Արդյունքում վարորդները, տեսնելով կարմիր կետագծերը, գալիս ու կայանում են «դրանց վրա» և 100 դրամի վճարմամբ մտածում են, որ խնդիր չեն ունենա։ Սակայն դա չի վրիպում խաչմերուկներում երթեւեկությանը վերահսկող «Սեքյարիթի Դրիմի» տեսախցիկների աչքից, եւ կարմիր գծերի վրա կանգնած ու կայանման տեղական տուրքը վճարած վարորդները 5000 դրամով տուգանվում են օրենքով արգելված տեղում կայանելու (կամ կանգառ կատարելու) համար։