15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աղջկա հետ ֆեյսբուքյան «ռոմանտիկան» չսկսված ավարտվել է երիտասարդի սպանությամբ. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ  շարունակվեց Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը:

27-ամյա Գագիկը մեղադրվում է այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ դեմքին, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսներին, որովայնի շրջանին, ու սպանել է նրան:

Գագիկ Աբրահամյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Այդ արարքի համար Գագիկ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարել է, թե մարդասպան չէ, դեպքի պահին պաշտպանել է իր ընտանիքը, դիտավորություն չի ունեցել սպանություն կատարելու:

Գագիկը բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին է մանկահասակ երեխան:

Սպանված Վազգենը նույնպես 27 տարեկան էր, բարձրագույն ճարտարապետական կրթություն ուներ: Հայրը շինարար է եղել, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում:

Վազգենին մեծացրել են մանկավարժներ՝ մայրն ու տատիկը: Երբ մայրն էլ է մահացել հիվանդությունից, Վազգենը մնացել է տատիկի հետ:

Նա տեսողական խնդիրներ է ունեցել, կրել է ակնոց:

Դեպքի օրը Սյունիքից Վազգենենք հյուր են ունեցել. հեռու ազգական Արշակյանը, ում հղի կինը առողջական խնդիրներ ուներ, կնոջ հետ եկել էր Երևան՝ բժշկի դիմելու:

Երեկոյան Վազգենենց տանը հաց են կերել, տնական օղի են խմել, ապա Վազգենն ու բարեկամը դուրս են եկել «մաքուր օդ շնչելու»: Հասել են այն շենքին, որտեղ՝ թիվ 32 բնակարանում, վարձակալությամբ ապրել է Վազգենի «ֆեյսբուքյան» ծանոթուհին: Աղջիկն այդ պահին այլևս այդտեղ չէր բնակվում, բայց Վազգենը չգիտեր այդ մասին:

Նրանք բարձրացել են երրորդ հարկ, թակել են բնակարանների դռները… «32» բնակարանի դուռը բացող չի եղել: Վազգենն  ու բարեկամը երկուական անգամ թակել են «31» և «33» բնակարանների դռները: «31» բնակարանում բնակվող Գագիկի հետ նրանք վեճի մեջ են մտել, որն ավարտվել է Գագիկի կողմից հասցված դանակի հարվածներով:

Վազգենի «ֆեյսբուքյան» ծանոթուհին, իրոք, ժամանակին վարձակալությամբ ապրել է Աբելյան փողոցի հիշյալ շենքի «32» բնակարանում, բայց դեպքի պահին նա արդեն այդտեղ չէր բնակվում: Վազգենին աղջիկը երբևէ չէր հանդիպել, բայց համացանցային գրագրություն նրա հետ ունեցել էր…

Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:

Ամբաստանյալ Գագիկի կինը հայտնեց, թե իրենք երեքով՝ ամուսինը, ինքը, իրենց 2 տարեկան երեխան խաղաղ ապրում էին իրենց բնակարանում:

Դեպքի օրը ամուսնու մոտ գումար կար…

Այդ օրը Գագիկը շուտ է պառկել: Կեսգիշերին մոտ, երբ իրենք քնած էին, դռան զանգը հնչեցրել են: Գագիկը գնացել է դռան մոտ: Ինքը ննջարանից լսել է ամուսնու խոսքերը. «Ապեր, չգիտեմ»:

Գագիկը եկել է պառկելու, ասել է, թե ինչ-որ տղաներ ինչ-որ մեկի տան տեղն էին հարցնում:

Տասը րոպե անց դռան զանգը նորից են հնչեցրել: Կարծես մատը դրել էին զանգին ու չէին վերցնում, ոտքով էլ «անմարդկային կերպով» խփում էին դռանը: Իրենց երեխան արթնացել ու սկսել է ուժեղ լաց լինել:

Գագիկը գնացել է դռան մոտ: Հինգ րոպե հետո կինը գոռգոռոցներ է լսել, հայհոյանքներ: Երեխայի հետ դուրս է եկել միջանցք:

Տեսել է երկու անծանոթի, ովքեր իրենց միջանցք էին մտել: Մեկը բռնել էր ամուսնու կոկորդից, նրան սեղմել էր պատին, իսկ մյուսը գալիս էր իրենց կողմը: Ինքը գոռացել է. «Էս ի՞նչ եք անում, դուրս էկեք իմ տանից»:

Գագիկը պահանջել է, որ ինքն ու երեխան մտնեն ննջարան ու դուռը փակեն:

Կինը նույնիսկ ցանկացել է պատուհանը բացել ու օգնություն կանչել, բայց դրա փոխարեն զանգել է Գագիկի հայրական տուն՝ Գագիկի ավագ եղբորը… Երբ ձայները դադարել են, կնոջը թվացել է, թե հարձակվողներն ամուսնուս վնասել են… Միջանցք դուրս գալով՝ կինը տեսել է, որ ամուսինը նստած է հատակին, արյան լճակի մեջ՝ անհաղորդ հայացքով… Նա փսխել էր, քրտնած էր… Կնոջը թվացել է, թե ամուսնու արյունն է միջանցքում… Համոզվելով, որ ամուսինը կտրած վնասվածք չունի, կինը նրա շորերը փոխել է, նրա հագի շորերը պատռված ու արյունոտ են եղել… Կինը շորով մաքրել է հատակը… Դատարանում կինը ասաց, թե ներկայումս չի ներում իրեն, որ հատակի արյունը մաքրել է, եթե մաքրած չլիներ, «էս ամենն էսքան չէր երկարի»: Հյուրասենյակի դռան մոտից օպտիկական ակնոց է գտել: Այդ ակնոցի ապակին ավելի ուշ է հայտնաբերել նույն տեղից… Ակնոցը դեն է նետել՝ չմտածելով, որ կարող է պետք լինել…

Ամուսնու եղբայրը մոտ կես ժամ անց եկել է իրենց տուն: Գագիկը անընդհատ կրկնել է. «Էս ինչի՜ց պրծանք…»: Կինը երեխայի հետ դուրս է եկել մուտք, աշխատել է չնայել շքամուտքի դռան հետևում ընկած երիտասարդին, ով արդեն մահացած էր: Կինը երեխայի հետ անմիջապես գնացել է ամուսնու հայրական տուն, բայց շուտով նրանց տարել են ոստիկանություն:

Կողմերի հարցերին պատասխանելով՝ կինն ասաց, որ դեպքի պահին իրենց միջանցքի լույսը վառված չէր: Որ ներկայումս էլ արյան հետքեր կան իրենց միջանցքի պատերին: Կինը հարձակվողների կողմից ոչ մի պահանջ չի լսել, բայց լսել է, որ Գագիկը նրանց ասել է՝ եկել եք ռազբոյի՞…

Կինը մի կողմից ասաց, թե կեսգիշերն անց իրենց դուռը թակել են «անմարդկային» ձևով՝ ոտքերով հարվածելով ու մատը զանգից չիջեցնելով, միևնույն ժամանակ նշեց, թե ամուսինը, դուռը բացելու գնալուց առաջ հագել է ջինսե շալվարը՝ ենթադրելով, թե «անմարդկային» թակողը կարող է իր ընկերը լինել, ում տվել էր իր մեքենան՝ անսարքությունը վերացնելու:

Ըստ կնոջ՝ դանակը, որով Գագիկը հարվածել է Վազգենին, եղել է հուշանվեր դանակ, ամուսնուն այն նվիրել էին, դանակը գտնվել է միջանցքի պահարանում: Դեպքից հետո կինը լվացել է արյունոտ դանակն ու դրել է իրենց խոհանոցի պահարանի… դարակը: Հետագայում դանակն առգրավվել է…

Դատարանում մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց դեպքից հետո կնոջ տված առաջին ցուցմունքը, որտեղ նա ասել է, թե գիշերով իրենց դուռը թակող անծանոթները ոչ թե ներխուժել են իրեն միջանցք, այլ «փորձել են ներխուժել»: Նա ասել է նաև, թե արյան լճակ է եղել իրենց դռան դիմաց՝ դրսից, որն ինքը մաքրել է: Նախաքննական առաջին ցուցմունքում կինը չի ասել, որ ամուսինը դեպքից հետո փսխել է:

Այս հակասությունները կինը բացատրեց նրանով, որ առաջին հարցաքննության ժամանակ «շոկի մեջ է եղել», հետո ավելի սթափ է հիշել, իրեն ուժ է տվել ու նոր հարցաքննության ժամանակ ասել է իրականությունը:

Տուժողի քեռու աղջիկը հարցաքննվեց: Նա ասաց, թե բավական մտերիմ է եղել Վազգենի հետ: Վերջինիս բնութագրեց որպես համեստ, հանգիստ, հավասարակշռված երիտասարդի, ում ինքը հարբած չի տեսել: Դեպքի նախորդ օրը վկան եղել է Վազգենենց տանը, Վազգենը վատ է զգացել, հաց չի կերել: Վկան իմացել է, որ Վազգենն առողջական խնդիրներ ունի, նրան խորհուրդ է տվել բժշկի գնալ:

Վազգենն ասել է, թե անձնական կյանքում կարող է նորություն լինել, որի մասին ավելի ուշ կհայտնի:

Վկան նշեց, որ Վազգենը շատ ծախսող չէր, նա գումարային խնդիրներ չուներ, չնայած վերջին շրջանում չէր աշխատում: Աշխատանքից դուրս էր եկել այն պատճառով, որ աշխատավարձը ժամանակին չէին վճարում, բայց նա «հետ գցող» տղա էր, կարողանում էր այնպես հաշվարկել ծախսերը, որ տուն մտած գումարները բավականացնեն: Տատիկը թոշակ է ստացել, Վազգենին օգնել է նաև Հունաստանում ապրող քեռին: Գագիկը կարող էր չտնտեսել, ասենք՝ մասնագիտական գրականության վրա…

Ամբաստանյալի շահերի պաշտպանը հարցրեց՝ եթե Վազգենը տնտեսող էր, ինչպե՞ս եղավ, որ նրա մահից հետո պարզվեց՝ տանը գումար չկա: Վկան ասաց, որ Վազգենը «թաղման փող», իհարկե, մի կողմ չէր դրել, բայց նա մեկ սենյականոց բնակարան է ունեցել, որը վաճառել էր, գումարը քեռու մոտ էր, Վազգենն ու տատիկը ցանկանում էին մեկնել Հունաստան՝ ապրելու:

Վկան նշեց նաև, որ Վազգենը այնքան համեստ էր, որ անգամ բարձր ձայնով խոսելը կարող էր նրա վրա ազդել, անհնարին է, որ Վազգենը այնպիսի պահվածք դրսևորեր, ինչպիսին փորձում է ներկայացնել ամբաստանյալի կողմը: Վազգենը անկարող էր անգամ իրեն այնպես պահել, որ դիմացինին հունից հանի…

Հարցաքննվեց սպանված Վազգենի մանկության ընկերը: Դեպքի օրը Վազգենը զանգել է այս ընկերոջը ասել է. «Քեզ համար սյուրպրիզ ունեմ»:

«Սյուրպրիզը» Կապանից նրանց երկուսի մանկության ընկեր, նաև Վազգենի բարեկամ Արշակյանի ժամանումն էր:

Վազգենը վկային նույնպես հրավիրել է իրենց տուն, ասել է՝ իրենք նստում են հաց ուտելու, մի-մի բաժակ խմելու:

Վկան իր տանը հոսանքի գծերի նորոգում էր կատարում, ասել է՝ գործը վերջացնեմ, կգամ: Գործն ուշ է վերջացրել, հետո գնացել է քրոջ տուն՝ լողանալու, այդ ընթացքում մի քանի հեռախոսազրույց է ունեցել Վազգենի հետ: Վերջինս ասել է, թե ինքն ու Արշակյանը դուրս են եկել մաքուր օդ շնչելու, հնարավոր է՝ իրենք հյուր գնան վկային:

Վկան ասել է՝ իմ տան դռները միշտ բաց են քեզ համար: Նա քրոջ տանից դուրս գալուց հետո վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Վազգենի հետ, վերջինս ասել է՝ դու տուն գնա, ես գործ ունեմ՝ «ռոմանտիկ թեմա կա», վերջացնենք ու կգանք…

Վկան տուն է գնացել, սպասել ու չի հասկացել՝ ինչպես է շորերով քնել:

Առավոտյան է իմացել, որ Վազգենին գիշերը սպանել են…

Վկան ասաց, թե Վազգենը հաղթանդամ չէր, կռվարար չէր, ինքը նրա հետ երբեք չի խմել-հարբել… Իր իմանալով՝ Վազգենը գումարային խնդիրներ չուներ, նա իրենից երբեք պարտքով գումար չի ուզել:

Հարցաքննվեց նաև ամբաստանյալ Գագիկի ավագ եղբայրը, ում դեպքից անմիջապես հետո կանչել էր Գագիկի կինը:

Վկան ասաց՝ երբ ինքը մոտեցել է եղբոր շենքին, շքամուտքի դռան հետևում տեսել է ընկած երիտասարդի, ում շուրջը արյան լճակ կար: Երիտասարդը մի քանի անկանոն շարժում է արել ու անշարժացել է…

Վկան մայթեզրին տեսել է մի կիսանստած երիտասարդի, ով անընդհատ կրկնում էր՝ սիրածիս տուն էինք եկել, մեր գլխին սարքեցին… Չխմող վկայի համար ակնհայտ է եղել, որ այդ երիտասարդը անսթափ է:

Վկան բարձրացել է երրորդ հարկ: Աստիճանահարթակի վրա նա արյուն ընդհանրապես չի տեսել, բայց ենթադրեց, որ հարևանների վկայակոչած արյան լճակը երրորդ հարկի աստիճանահարթակին կարող էր առաջանալ այն պատճառով, որ մարդիկ առաջին հարկից, որտեղ տուժողի արյունը լճացել էր, անընդհատ բարձրանում էին երրորդ հարկ ու ոտքերի հետ տարել, երրորդ հարկում լճացրել էին արյունը…

Վկան թակել է եղբոր դուռը: Սկզբում դուռը չեն բացել: Վկան նորից իջել է առաջին հարկ: Նա հասկացել է, որ դռան հետևին ընկածն ու եղբայրը ինչ-որ կերպ կապված են, քանի որ իրեն գիշերով կանչել էին եղբոր տուն:

Վկան փորձել է օգնել ընկածին, այդ ժամանակ եկել է շտապօգնությունը, բժիշկները հաստատել են, որ տուժողը մահացել է:

Վկան նորից բարձրացել է երրորդ հարկ: Այս անգամ եղբոր բնակարանի դուռը բացել են:

Նա Գագիկին հարցրել է՝ դո՞ւ ես խփել էն տղային: Գագիկը, ըստ վկայի, անհասկանալի շարժում է արել, հասկանալի է եղել, որ նա է խփել, բայց գտնվում է շոկային վիճակում:

Վկայի հիմնական նպատակը եղել է աղիողորմ արտասվող երեխային ու Գագիկի կնոջը դուրս բերել այդ բնակարանից: Նա չի էլ նկատել՝ ուր գնաց Գագիկը:

Վկան նշեց, որ երբ ինքը մտել է Գագիկի բնակարան՝ միջանցքի հատակը ակնհայտորեն լվացված էր, բայց պատերին արյան կաթիլներ կային: Գագիկի կինը շատ թռուցիկ ասել է, թե ինչ է եղել: Վկան հասկացել է, որ անծանոթները «ռազբոյի» համար են ներխուժել եղբոր բնակարան: Եղբոր գրպանում էլ այդ ժամանակ գումար է եղել…

Նախաքննական առաջին ցուցմունքում վկան չէր նշել, որ տուժողն ու նրա ընկերը ներխուժել էին եղբոր բնակարան: Նա նշել էր, թե արյուն է եղել աստիճանահարթակին:

Հակասությունները այս վկան նույնպես բացատրեց դեպքից անմիջապես հետո իր շոկային վիճակով…

Դատարանը ի սկզբանե որոշել էր ամենակարևոր վկային՝ Վազգենի հետ «ռոմանտիկ» պտույտի ելած Արշակյանին հարցաքննել դատակոչված բոլոր վկաներին հարցաքննելուց հետո:

Մնացել են երկու չհարցաքննված վկաներ՝ Վազգենի քեռին, ով ներկա պահին Հայաստանում չէ, և Արշակյանը, ով Կապանից արդեն մի քանի անգամ Երևան է հասնում, բայց չի հարցաքննվում:

Հաջորդ դատական նիստին հերթը, ամենայն հավանականությամբ, վերջապես կհասնի  դատակոչված վերջին վկային՝ Արշակյանին՝ դեպքի ոչ միայն  ականատեսին…

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ