Ծառուկյանը սիրուն բան չի անում. Ժողովուրդ

«Վերջին մեկ ամսում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնվազն հրապարակային գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ինչով է նա զբաղված այս ընթացքում. կառավարում է իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեությունը՝ խաղող է մթերում, խաղողագործների հետ է բանակցում, այլ կերպ ասած` զբաղված է ձեռնարկատիրությամբ:
Իհարկե, ՀՀ Սահմանադրությունից անտեղյակ մարդը կարող է հարցնել՝ իսկ ինչ վատ բան կա, նա անձամբ է զբաղվում իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեության կառավարմամբ: Վատ բան իսկապես չկա, ուղղակի նրա արարքները հակասում են ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածին, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:
Իհարկե, բացառված չէ, որ Գագիկ Ծառուկյանը մոռացել է իր պատգամավոր լինելու մասին եւ ամբողջությամբ տրվել ապաքաղաքական գործունեությանը, քանի որ տարիներով ԱԺ չի գնում: Բայց ողջ խնդիրն այն է, որ Ծառուկյանի կողմից իր պատգամավորական մանդատը վայր չդնելու եւ այդ քաղաքական կարգավիճակը պահելու արդյունքում կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրությունը»: