Քոչարյանի էներգիայի «մատրիցան» Սերժ Սարգսյանի ենթագիտակցական «չակրաներում» է թաքնված… Իրատես de facto
Նույնիսկ հետաքրքիրն այն չէ, որ խոսեց: Հետաքրքիր էլ չէ` ինչ ասաց: Եթե ավելի անկեղծ ու ազնիվ` դա Քոչարյանի կարապի երգն էր: Վատ կատարմամբ: Մեկ «բայց»-ով: Եթե մինչև 2017-ը տեղի չունենա արտքաղաքական ֆորս մաժոր:
Արտքաղաքական «սողանցքը» միակ «սանիտարական միջացքն» է, որով կարող է անցնել Ռոբերտ Քոչարյանը:
Ընդ որում` մեկ հարցով հարցազրույցը ոչ միայն «կարապի» մասին էր, այլև նրա հավատո հանգանակը: Այն առումով, որ էականը ոչ թե իր, այլ դրան հետևած իր մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի ասքաբանությունն էր առ այն, որ Քոչարյանն այս Սահմանադրությամբ էլ կարող է 2017-ին, կուսակցական ցուցակի գլուխն անցած, «մտնել սովնարկոմ»` պառլամենտ:
Նախ, պարոն Սողոմոնյան, իմաստնությունն ասում է` եթե մի բան երկու անգամ կրկնվել է, էլի կկրկնվի: Եվ հետո` թող անցնի, ու չուզողը մենք լինենք:
Սակայն ո՞ր ուժի առաջին, երկրորդ, երրորդ «դեմքում»։ Նկատո՞ւմ եք` «Ժառանգությունում» հինգ պատգամավոր կա. «մեկը` «բոևիկ» է, մյուսը` «հիբրիդ», երրորդի «բերանումն էլ ըսկի շունչ չկա»: Պակաս էկզոտիկ չէ ՀԱԿ-ը, որը, ի դեպ, ղեկավարում էր հայաստանյան ամենաինտելեկտուալ քաղաքական գործիչներից մեկը` ՀՀ հիմնադիր նախագահը: Այնպես որ, պարոն Քոչարյանի մեկուճար հարցով հարցազրույցի երկրորդումը` Ձեր ասելիքով, ինքներդ էլ նկատեցիք, չթողեց այն էֆեկտը, որ անհրաժեշտ էր, կամ որին սպասում էիք: Կցանկանա՞ք` մեկնեմ պատճառների պատճառը, քանզի իմաստնությունը ¥ոչ սողոմոնյան¤ արձանագրում է` գտիր պատճառը և ոչ հետևանքը:
Մի անհանգստացեք, այլոց նման չի մատնանշվելու «շեֆի»` Հայաստանի տասը տարվա քաղաքացիություն չունենալը, սակայն նախագահ դառնալը, չեն մատնանշվելու «Առագաստում» «քաշքշված», այնտեղ մնացած ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանը, հոկտեմբերի 27-ը, 2003-ի նախագահական ընտրություններին հաջորդած կամ չհաջորդած վստահության հանրաքվեն, Սահմանադրության բազմակի խախտումները ձեր «ազգընտիր», մեր` «վոյինի» կողմից, մանավանդ 2005-ին սահմանադրական փոփոխություններին բաց քվեարկելը և քվեաթերթիկը, «սաղիս ինադու», ի ցույց հայոց աշխարհին հեռուստախցիկներին ցուցանելը: Եվ վերջապես` մարտի 1-ը:
Ոչ, չենք մատնանշելու, որպես արատավոր համակարգի ցուցիչներ: Արձանագրման ենք ենթարկելու մեկ պարզ ցուցիչ` երկու բաղադրիչով: Բանն այն է, պարոն Սողոմոնյան, որ ժամանակին Քոչարյանի սուրը աջ-ձախ կտրում էր, որովհետև Ղարաբաղից մեզ` նախ վարչապետ, ապա «նախագա» «հյուր» եկած պարոն Քոչարյանն իր կողքին` քաղաքական, միջազգային, տարածաշրջանային համահայաստանյան, նաև ղարաբաղյան խաղերի համար ուներ այնպիսի «պերսոն», ինչպիսին հաշվարկի մեջ անգերազանց շախմատիստ, «գորշ կարդինալ» Սերժ Սարգսյանն էր:
Ընդ որում, եթե այսօր էլ, երիտթոշակառուի մունդիրի մեջ մեկընդմիշտ և հարմարավետ տեղավորվող Քոչարյանի կողքին լինեին նույն «պերսոնը» և ոչ անհասկանալի լիքը խաժամուժ, եթե Քոչարյանը կարողանար ոչ թե ԲՀԿ-ով և նրա ղեկավարով խաղի մեջ մտնել, եթե Քոչարյանը «ստավկան» դներ ոչ թե Օսկանյանի վրա, որը, ճիշտ է, իր համաշխարհային կապերը, նրանց ֆինանսական լծակները դնում է այս ողջ խաղի մեջ, այլ «պերսոնների» վրա փորձեր կառուցել իր ապագա մարտը, ապա հաստատապես այսպես չէր լինի:
Չէ, չենք ասում, թե իր ժամանակին հաշվել իմացող «գորշ կարդինալը» հատկապես շեղել է Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս ունենա հենց այսպիսի ապագա, այլ ասում ենք, պարոն Սողոմոնյան, Դուք Ձեր սողոմոնյան իմաստնությունը ժամանակին պետք է օգտագործեիք` «շեֆին» խորհուրդ տալով խաղալ բացառապես շախմատիստի, հաշվել իմացող Սերժ Սարգսյանի հետ: Հարցնում եք` ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով` Քոչարյանի էներգիայի «մատրիցան» Սերժ Սարգսյանի ենթագիտակցական «չակրաներում» է թաքնված…
Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: