Նշանածը բռնաբարել է Կարինեին.սկանդալային դատավարություն.Ժամանակ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Ալիկ Դ.-ի, Լեռնիկ Ա.-ի և Ղևոնդ Ա.-ի (անունները փոխված են) գործի դատական քննությունը:
32-ամյա Ալիկը, 19-ամյա Լեռնիկը և 35-ամյա Ղևոնդը առաքիչներ են եղել, Ղևոնդը ամուսնացած է, խնամքին երկու անչափահաս երեխա ունի:
Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին և դադարեցնելու իրենց հարաբերությունները:
Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան: Այնուհետև նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներ Ղևոնդին ու Լեռնիկին:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Կարինեին տուն ուղեկցելու պատրվակով նստել են Լեռնիկի կողմից վարած, Ա. Բ.-ին պատկանող «Մերսեդես» մեքենան և աղջկա կամքին հակառակ, նրան առևանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երևան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին:
Ալիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել աղջկան առևանգելու և բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1-ին մասով:
Լեռնիկ Ա.-ին և Ղևոնդ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Դատարանը հիմնավորված է գնահատել, որ Ալիկը, որպես առաքիչ աշխատելով մի ընկերությունում, իր գործընկերոջ տանը տեսել ու ծանոթացել է վերջինիս քրոջ՝ Կարինեի հետ: Նրանք մտերմացել են, մեկ տարի ընկերություն են արել և որոշել են ամուսնանալ:
Ալիկը նշանադրության արարողության ժամանակ՝ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, մատանի է նվիրել Կարինեին:
Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 27-ին, Ալիկի ծնողները Կարինեի ծնողներին հրավիրել են իրենց տուն՝ խնամականչի:
Ճանապարհին զանգել է ոստիկանության աշխատակիցը, Կարինեին հրավիրել է ոստիկանություն: Կարինեն առաջարկել է բոլորով գնալ ոստիկանություն՝ խոստանալով այնտեղ ասել՝ իբր ամեն ինչ իր կամքով է եղել:
Ալիկն ու հարազատները հավատացել են: Գնացել են ոստիկանություն, որտեղ Կարինեն հաղորդում է տվել իրեն առևանգելու և բռնաբարելու մասին:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալներին մեղսագրված արարքները:
Ալիկ Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 138 հոդվածի 1-ին մասով և վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ից:
Լեռնիկ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Առևանգման ժամանակ մեքենան վարած Լեռնիկը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակման պահին: Նրա պատժի սկիզբը կհաշվվի 2015 թվականի սեպտեմբերի 23-ից:
Ղևոնդ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Երկու անչափահաս երեխաների հայր Ղևոնդի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 4 տարի փորձաշրջան: