Նոր հաճախորդ «բաց երկնքում»
Արդեն հայտնել էինք, որ «Ալյանս» ավիափոխադրող ընկերությունն շուտով իր թռիչքները կիրականացնի Հայաստանի «բաց երկնքում»: Հայտնել էինք նաև, որ ավիաընկերության ղեկավարությունը հանդիպում է ունեցել վարչապետի հետ և վերջինիս հետ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել:
«Երեկ շահագործողի վկայական եմ ստացել ու դեռ հստակ չենք կարող ասել, թե երբ թռիչքներ կիրականանցնենք»,- Henaran-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության նախագահ Արարատ Սարգսյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք հաշվի առե՞լ են նախկին ավիափոխադրողների փորձը և արդյոք ծանրութեթեև են արե՞լ ռիսկերը` պրն Սարգսյանը պատասխանեց՝ իհարկե ամեն բան հաշվարկված է. «Իմ մենեջերները լավ են աշխատում, ամեն բան հաշվարկել են ու վստահորեն առաջ ենք գնալու»:
Հիշեցնենք, արդեն չորս հայկական ավիաընկերություն մեր երկնքում ձախողվել է: Վերջին տեղական ավիափոխադրողը, որի «օդերը փակվեցին» Էյր Արմենիան» է , որի հարկադիր սնանկ ճանաչելու հայցով դատարան է դիմել HSBC բանկը: Ավիաընկերության ընդհանուր պարտքը կազմում է 16 միլիոն դոլար:
Այս պահին ընկերության հաշիվների վրա կալանք է դրված: Քաղավիացիայի ղեկավար Արտյոմ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում որպես «Էյր Արմենիայի» շուկայից դուրս գալու պատճառ նշել է. «Տնտեսապես չկարողացավ մրցակից լինել, բավարար ֆինանսական բազա չունեցավ»: Մինչդեռ ընկերության գլխավոր սեփականատերը դժգոհում է բաց երկնքի քաղաքականությունից: