Մոսկվան գտել է` ումով փոխարինել Ծառուկյանին. Ժամանակ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է Հայաստանի ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի նրանք հանգել են համաձայնության։
«Հայկական վերածնունդի» հադթանակի պարագայում Արա Աբրահամյանը կգբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի։ Արա Աբրահամյանը, ցավոք, չի կարող տեղ զբաղեցնել «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում, քանի որ Սահմանադրության նախագծով Աժ պատգամավորի համար սահմանված է հայերենին տիրապետելու պայման, ինչը Աբրահամյանը դժվար թե կարողանա կատարել ամենամեծ ցանկության դեպքում անգամ։
Աբրահամյանը գալիս է քաղաքական դաշտում փոխարինելու մեկ այլ օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանին, ով եւս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ուներ, որոնք սակայն տապալվեցին։ Հետաքրքիր է, որ Աբրահամյանը զբաղեցնում է քաղաքական դաշտի ճիշտ այն հատվածը, որը ժամանակին զբաղեցնում էր Գագիկ Ծառու– կյանը՝ պրոռուսական տարածքը։
Երբ նախագահ Սերժ Սարգսյանը կարմիր քարտ ցույց տվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրան հեռացրեց քաղաքական դաշտից, հարց առաջացավ, թե ինչու դա թույլ տվեցին Ռուսաստանի իշխանությունները։ Ծառուկյանը պրոռուսական ընդդիմության առաջնորդն էր, եւ շատերը համարում էին, որ հենց ռուսական իշխանությունների աջակցությունն է, որ թույլ չի տալիս Հայաստանի իշխանությանը Ծառուկյանին ունեզրկելու սպառնալիքի տակ հեռացնել քաղաքականությունից։
Բայց Ծառուկյանը շատ էր տարվել իշխանության գալով եւ դուրս էր եկել իր դերից. նա գնում էր Բրյուսել, հանդիպում եվրոպական չինովնիկների հետ, այցելում Չինաստան՝ ցույց տալով, որ ինքը պատրաստ է գործել նաեւ ռուսական տիրույթից դուրս։ Ռուսական իշխանությունը Ծառուկյանի համար բոլորովին այլ դեր էր նախատեսել, եւ Ծառուկյանը դուրս գալով այդ դերի շրջանակներից՝ կորցրեց ամեն ինչ։
Հենց այդ պայմաններում ռուսները նպատակահարմար գտան Ծառուկյանին փոխարինել Աբրահամյան-Բաղդասարյան զույգով՝ համարելով, որ նրանք ավելի կանխատեսելի են եւ չեն զբաղվի ավելորդ աշխարհաքաղաքականությամբ։ Իհարկե, Բաղդասարյանը նախկինում հանդես էր գալիս որպես պրոեվրոպական հայացքներ ունեցող գործիչ եւ նույնիսկ հասցրել էր իր հակառուսական հայտարարությունների համար արժանանալ այն տարիների նախագահ Ռոբերտ Քոչարյանի զայրույթին։
Քոչարյանը նրան մեղադրեց դավաճանության մեջ այն բանից հետո, երբ հրապարակվեց Արթուր Բաղդասարյանի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակցի զրույցը, որում Բաղդասարյանը կոչ է անում ճնշում գործադրել իշխանության վրա ընտրակեղծարարությունը բացառելու համար։ Քոչարյանը քանդեց Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ խմբակցությունը եւ նրան զրկեց Աժ նախագահի պաշտոնից, երբ Բաղդասարյանը հանդես գալով գերմանական «Ալ– գեմայն ցայտունգ» թերթում հայտարարեց, որ Ռուսաստանը չպետք է փակի Հայաստանի դեպի Եվրոպա տանող ճանա պարհը։
Բայց հետագայում հայտնվելով Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Բաղդասարյանը հայտնվեց ռուսական իշխանության ազդեցության դաշտում, դառնալով ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժայի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հովանավորյալը։ Ռուսները համոզված են, որ Բաղրասարյան-Աբրահամյան զույգը իրենց համար այնքան վերահսկելի է, որ նրանք չեն կարող առանց իրենց թույլտվության որեւէ քայլ կատարել։
ՕԵԿ–«Հայկական վերածնունդի» գլխավոր քաղաքական հակառակորդը քաղաքական դաշտում շարունակելու է մնալ ԲՀԿ-ն, որը թեեւ թուլացել է, բայց չի կորցրել երկրի երկրորդ քաղաքական ուժը լինելու իր ամբիցիաները։ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր լոզունգներով ընտրություններին մասնակցող Արթուր Բաղդասարյանը միացավ Սերժ Սարգսյանին, Բաղդասարյանից հիսաթափված ընտրազանգվածը մտավ ԲՀԿ-ի տակ՝ փոփոխությունների հույսը տեսնելով Գագիկ Ծառռուկյանի մեջ։
Հիմա այդ նույն ընտրազանգվածը հույսը կորցնելով Ծառուկյանից՝ կարող է վերակողմնորոշվել դեպի ՕԵԿ։ ԲՀԿ-ն կարող է պահել այդ ընտրազանգվածին միայն այն դեպքում, եթե կարողանա հույս տալ, որ շարունակում է մնալ փոփոխությունների համար պայքարող քաղաքական ուժ եւ չի դարձել ՀՀԿ-ի կցորդը։ ԲՀԿ-ն պետք է պայքարի Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան ալյանսի դեմ նաեւ այն պատճառով, որ ԲՀԿ-ի հետեւում կանգնած գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակ ունի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո եւս շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։
ԲՀԿ-ի պարտությունը ՕԵԿ–«Հայկական վերածնունդին» կարող է լինել Աբրահամյանի քաղաքական կարիերայի ավարտը, եւ այս իմաստով եւս առաջիկա քաղաքական զարգացումները խոստանում են բավական դիտարժան լինել։
Արա Աբրահամյանի քաղաքական հայտնությունը հայ հասարակությանը կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդի» փոխակերպման միջոցառման ժամանակ, որը սկգբնապես նախատեսվում էր սեպտեմբերին, բայց այժմ որոշվել է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո. Արա Աբրահամյանը հույս ունի, որ Սահմանադրության նախագիծը կմերժվի, եւ ինքը կհավակնի լիարժեք նախագահի պաշտոնին։
Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: