Էլինար Վարդանյանն արձագանքում է
«Ես երբեք չեմ մտածել, որ միջազգային կառույցներում առաջնորդվում են կուսակցության շահերով: Վստահ եմ, որ միջազգային կառույցներում պաշտպանում են բացառապես ՀՀ շահերը, ինչն էլ ես արել եմ այլ կուսակցություններ ներկայացնող իմ գործընկերների հետ, տվյալ դեպքում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության՝ ՀՀԿ և Ժառանգության իմ գործընկերների հետ:
Միջազգային պատվիրակություններում աշխատանքը ծանր և պատասխանատու գործ է, և եթե իմ գործընկերներից որևէ մեկը կարողանա ավելի լավ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, բայց կրկնում եմ պետության շահերը, ես միայն ուրախ կլինեմ:
Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել: Ես դա ուզում եմ արձանագրել: Դա ճիշտ մշակույթ չէ:
Ուզում են նաև ընդգծել՝ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ. ընտրական օրենգիրքն այլ լուծում պարզապես չի նախատեսում, և խմբակցության մոտեցումները և շահերը իմ կողմից միշտ հաշվի են առնվում: Ես նաև կուսակցության անդամ եմ, և չի եղել մի դեպք, երբ ես անտեսեմ ինձ դիմած որևէ շարքային ԲՀԿ-ականի շահերը, կամ անեմ մի քայլ, որը կուսակցությանը վնաս կպատճառի: Ինչ վերաբերում է քվեարկություններին, ապա ՀՀ Սահմանադրության համաձայն ես առաջնորդվում եմ իմ խղճով և համոզմունքներով»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: