Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային կրթօջախների մանկավարժներին ու գրադարանավարներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված աշխատանքի ու մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում ունեցած մեծ վաստակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս հանդիպումը ևս մեկ առիթ է ամփոփելու համակարգում գրանցած ձեռքբերումներն ու նախանշելու առաջիկա անելիքները:
«Ավանդաբար այս օրերին ձեր մասնագիտական տոնի առթիվ հրավիրվում եք քաղաքապետարանի հարկի տակ, ուր, շնորհավորանքից բացի, քննարկում ենք հաջողությունները և, ինչու չէ` առկա խնդիրները, դրանց համատեղ հաղթահարման ուղիները:
Դժվար է գնահատանքի համապատասխան խոսքեր գտնել կրթության բնագավառի մարդկանց, մանկավարժների համար, քանի որ, իմ խորին համոզմաmբ, ցանկացած շնորհակալական խոսք կամ խոնարհում ձեր վաստակի հանդեպ, չի կարող փոխհատուցել ձեր այն նվիրումը, որի շնորհիվ մեծ կյանք մտնող յուրաքանչյուր սերունդ պարզ ճակատով ներկայանում է որպես հայոց անկախության պահպանման, պետականության հզորացման, նաև Երևանը սրտանց սիրելու գաղափարակիր։ Ամենօրյա ձեր գործունեության մեջ բազմաթիվ հարցերի պատասխան եք տալիս, բազում խնդիրներ լուծում, սակայն կարևոր հրամայականը, որ այսօր առկա է ձեր առջև, մրցունակության ապահովումն ու կրթության որակի բարձրացումն է»,-ընդգծել է քաղաքապետը:
Առանձնակի կարևորելով նաև վերջին տարիներին մայրաքաղաքի գրադարաններում տարվող ծրագրային քաղաքականությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ ուշադրությունը համակարգի նկատմամբ լինելու է շարունակական:
«Այսօր այստեղ են նաև գրադարանային ոլորտի մեր աշխատակիցները, ում կատարած աշխատանքը մեր հասարակության կրթական, գիտական և մշակութային զարգացման գործում ահռելի նշանակություն ունի: Մեր ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրին և գրականությանը: Ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացման պայմաններում գիրքը շարունակում է մնալ գիտելիքի շտեմարան: Ու համոզված եղեք, որ մենք անչափ կարևորում ենք ձեր դերը՝ մեր երկրի արժանապատիվ քաղաքացու դաստիարակության ու համակողմանի զարգացման գործում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոների առթիվ, քաղաքապետը մաղթել է նրանց ամենայն բարիք, անձնական երջանկություն ու հաջողություններ:
Շնորհավորելով ուսուցիչներին տոնի առթիվ՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ շնորհակալություն է հայտնել նրանց՝ ազգանվեր իրենց գործը մեծ նվիրումով, պատվով կատարելու համար։
«Վստահ եմ` հոգու խորքում ձեր ամենամեծ հուզմունքը, շնորհավորանքը նախևառաջ շրջանավարտների երախտագիտությունն ու մասնագիտական հաջողություներն են։ Խորին շնորհակալություն բոլոր մանկավարժներին, ումից շատ բան ենք սովորել. շնորհակալ ենք ձեզ, սիրելի՛ մանկավարժական բանակ։ Իրավամբ, մեր ազգի, պետության ներքին պաշտպանության օղակը հենց դուք եք։ Շնորհակալ եմ նաև Երևանի քաղաքապետին, ում նախաձեռնությամբ մենք, հարգելի՛ ուսուցիչներ, ամեն տարի այս օրը արդեն ավանդաբար հանդիպում ենք այս սրահում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Այնուհետ, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել Երևանի համար 83 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Թամարա Միկոյանը, համար 108 դպրոցի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը, համար 120 դպրոցի տնօրեն Գեղամ Հայրապետյանը։ Արդյունավետ աշխատանքի և երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Ուսուցչի օրվա և սովորողների դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգևատրվել նաև կրթական և մշակութային օջախների ու գրադարանների մի խումբ աշխատակիցներ։