Մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ. Արեմն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ.
Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Այսօր էլ մեր հանրապետության բազմահազար մանկավարժները հպարտորեն են կրում իրենց փոխանցված ուսուցչի վեհ կոչումը:
Դուք իրականացնում եք անչափ պատասխանատու առաքելություն՝ կրթում ու դաստիարակում եք մեր երկրի ապագա քաղաքացուն` միաժամանակ ապահովելով մեր ժողովրդի հարատևումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:
Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք նվիրումով, ծնողական համբերատարությամբ և ջերմությամբ: Յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ և ձեր հոգու լույսից մի շող՝ դուք լուռ հետևում և ուրախանում եք ձեր աշակերտների հաջողություններով ու ձեռքբերումներով:
Ձեր աշխատանքի արդյունքներով է պայմանավորված ինչպես մեր տնտեսության ապագա հզորացումը, այնպես էլ մեր սահմանների անառիկությունն ու երիտասարդ երկրի երազանքների իրականացումը:
Ուսուցչի կերպարը բոլորիս սրտերը լցնում է պատանեկան տարիների մաքուր ու անաղարտ հիշողություններով: Հիշողություններ, որոնք անջնջելի հետք են թողել յուրաքանչյուրիս կյանքում և ամենաարժեքավորն են մեզ համար:
Այս օրը մտովի և հոգով ձեզ հետ են սահմանին կանգնած զինվորն ու գեներալը, բժիշկն ու գիտնականը, մարզիկն ու արվեստագետը, այգեգործն ու պետական գործիչը: Մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ: Ձեզանից ստացած գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը խիստ անհրաժեշտ են բոլորիս՝ կյանքի տարբեր ժամանակահատվածներում:
Եվ պատահական չէ, որ ավանդաբար նշվող այս տոնը բոլորիս բացառիկ հնարավորություն է տալիս բարձրաձայնել այն երախտագիտությունն ու գնահատանքը, որը ժամանակի ընթացքում ավելի գիտակցված ու արժևորված է հնչում:
Բոլոր տարիների աշակերտների անունից ուզում եմ շնորհավորել հանրապետության և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, վաստակած հանգստի անցած մանկավարժներին, մաղթել նրանց տոնական բարձր տրամադրություն, երջանկություն ու բարօրություն: