Նախագահի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր. Շարմազանով
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Նյու Յորք և հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա փոխանցմամբ՝ նախագահի այցը և հնչած ելույթները ՀՀԿ-ն արդյունավետ է համարում: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նախագահի ելույթը տարածաշրջանային խնդիրնով մտահոգված համահայկական առաջնորդի ելույթ էր: Շարմազանովը հատկապես առանձնացրեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հատվածը, որտեղ նախագահը շեշտել էր, որ Ցեղասպանության ընդունումը և դատապարտումը չի սահմանափակվում միայն հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում. Հայաստանը շարունակելու է պայքարել Ցեղասպանության ժխտման դեմ և հանուն Ցեղասպանության ճանաչման:
Էդուարդ Շարմազանովը նաև շեշտեց, որ ելույթից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը նաև ԼՂՀ հակամարտության խնդրով մտահոգ համահայկական առաջնորդ է, քանի որ իր ելույթում ընդգծեց, որ Ադրբեջանն ավանտրյուրիստական և ահաբեկչական գործունեությամբ փակուղի է տանում բանակցությունները և չի ցանկանում մոնիտորինգ իրականացնել շփման գծում:
«Ավելին՝ Հանրապետության նախագահը նշեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը, նրա ղեկավարը արհամարհում է Մինսկի խմբի հայտարարությունները՝ ավելացնելով, որ եթե միջազգային իրավունքը, համանախագահները չեն կարող սանձել և ստիպել Ադրբեջանին վերադառնա դեպի կառուցողական հուն, ապա Հայաստանի Հանարապետություններ, օգտնվելով իր բոլոր իրավունքներից, հակառակորդին կստիպի հակառակորդին հարգել խաղաղություն»,- եզրափակեց Շարմազանովը