17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին է ներկայացրել ՀՀ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումների ամբողջ գործընթացը

Հոկտեմբերի 1-ին, ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը` ,, Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում,, թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա: Սակայն մինչ ելույթի բուն թեմային անցնելը` ԱԺ փոխխոսնակը, օգտվելով խոսքի իր  իրավունքից, հարկ համարեց հակադարձել Ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկին, ով իր նախորդող ելույթում  փորձել էր ցեխ շպրտել Հայաստանի վրա:

«Ամեն անգամ իրականությունը խեղաթյուրելը և աղավաղված ներկայացնելը եվրոպացիներին՝ ադրբեջանցիների հիմնական ձեռագիրն է, բայց  այս անգամ ադրբեջանցին գերազանցեց ինքն իրեն և տրամաբանական բոլոր նորմերը և իրականում շատ ծիծաղելի ստացվեց, շատերը նիստերի դահլիճում ներկաներից ժպտում էին, իսկ ոմանք էլ պարզապես ծիծաղում: Եվ իրոք , գործերի այն վիճակում, որ առկա է Ադրբեջանում և որի մասին արդեն  յուրաքանչյուր նիստում աղաղակում է Վեհաժողովի մեծամասնությունը  ու արժանանում  անգամ Վեհաժողովի նախագահի լիագումար նիստի բացման խոսքում բարձրաձայնվելուն, իսկ մարդու իրավունքների պաշտպան Մուժնիեքսի հայտարարած կարծիքը այն մասին , որ Ադրբեջանում չկա որևէ մեկը, որ համագործակցենք նրա հետ, քանի որ բոլոր մեր գործընկերները նետված են բանտերը, դարձել է Վեհաժողովի թևավոր խոսքը, այս ֆոնին որևէ մեկին մատնացույց անելու համար պետք է իսկապես շատ ,,ադեկվատ լինել», – մեզ հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը:

«Ի պատասխան նշեցի, որ իրականում ադրբեջանցի պատվիրակը հստակ նկարագրել է իրավիճակը սեփական երկրում, սակայն, միտումնավոր խառնել երկրների անունները, կարծես վերջինս առնվազն լուսնի վրա է գտնվում և հեռու իր երկրում տեղի ունեցող աղաղակող իրողություններից»:

«Նրանք, ովքեր ապրում են ապակյա տան մեջ, չպետք է քարեր նետեն» ,- ադրբեջանցի գործընկերոջն է ուղղել իր ռեպլիկը հայկական պատվիրակության ղեկավարը:

Անցնելով քննարկվող թեմային`  տիկին Նաղդալյանը նախ շնորհակալություն հայտնեց  զեկուցող, Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ պարոն Շեննախին և Հայաստանի հարցով համազեկուցողներ պարոն Միլլին և Ֆիշերին` երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իրենց մանրակրկիտ ուսումնասիրության և վերջերս հրապարակված փաստաթղթի` Հայաստանին վերաբերող տեղեկատվական հայտագրի համար:

Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովին տեղեկացրել է, որ թե՛ համազեկուցողների  փաստաթուղթը , և թե՛ ներկայացվող պերիոդիկ զեկույցը մասնավորապես, կենտրոնացած է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա, որն այժմ ընթանում է Հայաստանում. «2013 թ-ին ՀՀ նախագահը ստեղծեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդման, ուժերի պատշաճ հավասարակշռության ձեռքբերման, պետական կառավարման արդյունավետության խթանման և ամրապնդման նպատակով»:

Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին հաղորդել է, որ Համազեկուցողները, վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, կարևորել են աշխատանքի բարձր որակը և Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը և ողջունել մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունը` նախագծի լրացումներում ընդգրկելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները :

«Սա իշխանությունների պատրաստակամության նշանն է հարգելու Եվրոպայի խորհրդի իրենց պարտավորություններն ու հանձնառությունները»,- համազեկուցողներին մեջբերել է տիկին Նաղդալյանը և ընդգծել, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության` հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանադրորեն երաշխավորված են, էականորեն ավելացվել և հարստացվել են լրամշակված տեքստում և ձևակերպումները սերտորեն հետևում են ՄԻԵԴ-ին:

«Համազեկուցողները ողջունում են փաստը, որ խորհրդարանի աճող իշխանության հետ մեկտեղ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը նպատակ ունի նաև  ամրապնդելու խորհրդարանում ընդդիմության սահմանադրական իրավունքները»,- նշել է տիկին Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը եվրոպացի իր գործընկերներին փոխանցել է հայրենի իշխանությունների համոզմունքը,  որ համապարփակ սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության շրջանում լայն կոնսենսուսի հիման վրա և վստահեցրել, որ ողջ գործընթացը խարսխված  է եղել և շարունակում է լինել թափանցիկության սկզբունքի վրա` բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելով բաց հրապարակային քննարկումների մեջ.  «Քաղաքական բոլոր կուսակցությունները կանչվել են ներկայացնելու իրենց դիտարկումները և հրավիրվել քաղաքական խորհրդակցությունների: Միևնույն ժամանակ, ակտիվ հասարակական քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ /փաստաբանների ու լրագրողների, հասարակական, քաղաքական, դատական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների փորձագետների»,- տեղեկացրել է Հ. Նաղդալյանը:

Եզրափակելով  խոսքը, Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ  սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումների բացառիկ հնարավորություն, որը չպետք է բաց թողնվի և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին` այդ դժվարին նախաձեռնությանն աջակցության համար:

Պարոն Շեննախի զեկույցը քվեարկվել և ընդունվել է ԵԽԽՎ երեկոյան նիստում քննարկվելուց հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ