Խորը շունչ
«Տաշիր գրուփ»-ը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության էլեկտաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Այդ գործարքը արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից, այն ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո, տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Հրազդանի ՋԷԿ»-ը կշարունակեն ամբողջ ծավալով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։
«Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում «Հայկական էլեկտրական ցանցերի» կառավարումը»,- հայտարարել է «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։
Հետագա զարգացման ծրագրերի մեջ մտնում է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ նպատակ ունենալով օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև բաշխիչ ցանցերի փուլային արդիականացումը։
Հաղորդագրությունում նաև ասված է, որ ՀՀ բնակչությանը աջակցելու նպատակով որոշվել է բնակչության և փոքր բիզնեսի համար հաջորդ տարվա ընթացքում սեփական խնայողությունների հաշվին ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը` բնակչության եւ փոքր բիզնեսի համար:
Սա նշանակում է, որ մոտ 7 դրամի սուբսիդիան, որը կառավարությունը պետք է իրականացներ մինչեւ ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, կշարունակվի առաջիկա մեկ տարվա ընթացքում: Այսպիսով, 1 տարի ՀՀ բնակչությունն ու փոքր բիզնեսը 1 կվտ/ժ էլէներգիայի դիմաց կվճարեն 2014թ. սահմանված սակագնով` 42 դրամ: