Քննչական կոմիտեն Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ առերես հարցաքննության ժամանակ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Նրա փոխանցմամբ՝ քրեական գործը վերահսկող դատախազը քննարկելու է այդ միջնորդությունը, որից հետո կկայացնի համապատասխան որոշում:
Նշենք, որ հուլիսին տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։
Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս: