Քննադատում են միայն քննադատելու համար
Սահմանադրական փոփոխությունների փաթեթը քննարկելու եւ առաջարկներ ներկայացնելու համար տրված մոտ մեկ ամիսը բավարար է։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումներն ավարտական փուլին են հասել, սպասվում է քվեարկություն և քվեարկությունից առաջ հիմնական զեկույցներ:
«Հոկտեմբերի 5-ին կայանալիք նիստում հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը կներկայացնի այն փոփոխությունները, որոնք քննարկումների ընթացքում մասնագիտական հանձնաժողովը վերլուծել և ընդունել է: Շատերն ասում են ժամանակը քիչ է, բայց չեն ներկայացնում իրենց առաջարկները, այսինքն՝ քննադատում են միայն քննադատելու համար»,- ասաց նա` նշելով, որ շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները, ընտրելու իրավունք ունեցող մարդիկ ամենայն մանրամասնությամբ իրազեկված լինեն, թե ինչ փաստաթուղթ է ներկայացվում, ինչպիսի հարաբերություններ են կարգավորվելու այդ փաստաթղթով:
Խոսելով սահմանային լարվածության մասին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հակառակորդի ոճն արդեն պարզ է` Ադրբեջանն այս պահին ուզում է ԵԱՀԿ դաշտից հարցը տանել այլ դաշտ ու իր ամբողջ զինանոցը օգտագործել մեր դեմ.
«Հիմա Ադրբեջանը բաց վերք ունի, բայց նա չի հասկանում, որ եթե պատերազմական գործողություններ սկսի, այդ բաց վերքը կարնահոսի, ու դրա տակից նա դուրս չի գա»։