Արցախյան պատերազմի տարիներին բուժքույրերն անցել են հերոսացման լուրջ ճանապարհ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի բուժքույրական միջազգային երրորդ համագումարի մասնակիցներին: Նշենք, որ համագումարի մասնակիցները Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Կանադայից, Լիբանանից, Էստոնիայից, Իրանից, Վրաստանից, Սաուդյան Արաբիայից, Իտալիայից: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է բուժքրոջ աշխատանքը եւ նշել է, որ տեղյակ է ոլորտի խնդիրներին:
ԱԺ նախագահը ողջունել է Հայաստանում բուժքույրական ասոցիացիայի ստեղծումը՝ նշելով, որ մեր երկրում Արցախյան պատերազմի տարիներին բուժքույրերն անցել են հերոսացման լուրջ ճանապարհ: Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ առողջապահության ոլորտում բուժքրոջ դերի բարձրացումը կբարեփոխի ողջ համակարգը: Նա նշել է, որ բուժքրոջ աշխատանքն իր կարեւորությամբ հավասարեցվում է բժշկի աշխատանքին, քանի որ հիվանդի առողջական եւ հոգեբանական վերականգնման ողջ գործընթացի մասնակիցը բուժքույրն է: Ազգային ժողովի նախագահը համագումարի մասնակիցներին մաղթել է նորանոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ:
Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ Ալինա Քուշկյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին ընդունելության համար եւ կարեւորել նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Տիկին Քուշկյանը ներկայացրել է համագումարի մասնակիցներին, ովքեր Հայաստան են այցելել մասնակցելու Առաջին բուժքույրական ասիական տարածաշրջանային համաժողովին, ապա Հայաստանի բուժքույրական միջազգային երրորդ համագումարին եւ պատրաստվում են մեկնել Արցախ: Ալինա Քուշկյանը նշել է, որ համագումարը, որին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բուժքույրեր, հնարավորություն կտա մասնակիցներին բարձրացնել մասնագիտական պատրաստվածության աստիճանը, ծանոթանալ միջազգային փորձին: