26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոչարյանները՝ եւս մեկ անգամ

Հիմա էլ Սեյրան Օհանյանն է ցինիկաբար ստում և խեղաթյուրում փաստերը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր պաշտոնի բարձրությունից լծվել է մեր որդու՝ Արթուր Քոչարյանի, հիվանդության և մահվան փաստերը խեղաթյուրելու և կեղծելու գործին: Նա երեկ լրագրողներին հայտարարել է, թե հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրվանից ՊՆ-ի կողմից արվել է հնարավոր ամեն բան Արթուրի կյանքը փրկելու համար։ «Այժմ լուրեր են պտտվում, որ պաշտպանության նախարարությունը զինվորի բուժման միջոցներ չի ձեռնարկել: Դա այդպես չէ: Առաջին իսկ օրվանից մենք արել ենք ինչ կարողացել ենք»,- ցինիկաբար ստում է Սեյրան Օհանյանը:

Այսքանը ստի շարքից, իսկ այժմ իրականության մասին. Արթուրի հիվանդության հայտնաբերումից հետո պաշտպանության նախարարությունից նախ խոստացան, որ կհոգան բուժման բոլոր ծախսերը: Մենք պարզեցինք, որ Երևանում նման կարգի վիրահատություն չեն կատարում: Նման հիվանդությունը բուժվում է կամ Ռուսաստանում, կամ Գերմանիայում: Մենք ընտրում ենք առավել մատչելի տարբերակը՝ Մոսկվան, սակայն միանգամից կանգնում ենք խնդրի առաջ. նախարարությունից հայտարարում են, որ իրենք չեն կարող անհրաժեշտ դրամական օգնությունը տրամադրել և կարող են միայն 3 միլիոն դրամ տալ, մինչդեռ Մոսկվայում վիրահատությունն արժեր 67.000 ԱՄՆ դոլար: Եվ այսպես շարունակվեց գրեթե մեկ ամիս. ՊՆ-ի կողմից մենք որևէ ադեկվատ պատասխան չէինք ստանում: Սա հենց այն ընթացքն է, որ կանխորոշեց Արթուրի ճակատագիրը: Ռուս բժիշկների խոսքերով, եթե Արթուրը տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ փրկել: Հենց այս ընթացքում էր, որ մենք ՊՆ-ին պարբերաբար հիշեցնում էինք խոստման մասին, սակայն լսում չոր պատասխան. «Մեզ վրա հույս չդնեք, ճարեք հովանավորներ»: Հենց այս ընթացքում էր, որ մենք ստիպված եղանք դիմել «Չենք լռելու» կազմակերպությանը, որը ևս 2 օրով ուշացրեց տեսանյութի հրապարակումը՝ օրական մի քանի անգամ հորդորելով մեզ սպառել հարցի անաղմուկ լուծման բոլոր միջոցները, պատճառաբանելով աշնանային զորակոչի մթնոլորտի վրա չազդելու պատճառաբանությամբ: Եվ այսքանից հետո առաջին հայացքից ազնիվ մարդ թվացող Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե իրենք «առաջին օրվանից արել են, ինչ կարողացել են»:

Երբ Արթուրի մասին «Չենք լռելու»-ի տեսանյութը տարածվեց համացանցում (http://www.youtube.com/watch?v=kVHwzdL6UeQ) և լրատվամիջոցներում աղմուկ բարձրացրեց, նախարարությունից պատասխանեցին, թե իրենք օգնել են այնքան, որքան հնարավորությունները ներել են և Մոսկվայում բուժելու հարցում իրենց վրա հույս դնել պետք չէ (http://www.a1plus.am/am/official/2012/11/06/pn): Սակայն ավելի ուշ, քննադատությունների տարափի տակ, ՊՆ-ն հայտարարեց, որ կհոգա Արթուրի բուժման ծախսերը: Սակայն, ինչպես հետո պարզվեց, այդ ժամանակ արդեն ուշ էր: ՊՆ-ն չափազանց երկար էր սպասում, իսկ, եթե իրերը կոչենք իրենց անուններով, թքած ուներ մեր որդու կյանքի վրա ճիշտ այնպես, ինչպես թքած ունի ցանկացած զինվորի կյանքի վրա. նրանց միակ նպատակը բանակը թալանելն է:

Մեզ համար ամենաանընդունելին այն է, որ հիմա այս վերիցվար կոռումպացված գերատեսչությունն իրեն արժանի ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միասին լծվել է հասարակության ուղեղը լվանալու գործին: Թող այսպիսի եռանդով մեր որդու կյանքը փրկելու մասին մտածեին: Կոչ ենք անում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ևս անհրաժեշտ եզրահանգումներ անել մեր որդու հետ տեղի ունեցած պատմությունից:

Մեզ հնարավոր չի լինելու լռեցնել. բոլորը պետք է իմանան ճշմարտությունն ու ՊՆ-ի ցինիզմի աստիճանը: Հաջորդ շաբաթ մենք պլանավորում ենք Երևանում տալ մամուլի ասուլիս: Հանուն մեր որդու հիշատակի ենք մենք սկսում այս պայքարը: Հանուն նրա, որ Արթուրի ճակատագրին ոչ մի հայ զինվոր այլևս չարժանանա:

Չենք դադարելու կրկնել, որ մեր որդու մահը ՊՆ-ի, իսկ երեկվանից սկսած՝ նաև անձնապես Սեյրան Օհանյանի խղճին է: 

Քոչարյանների ընտանիք

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ