Արցախի հողային պաշարների գերակշռող մասը գյուղատնտեսական նշանակության են
Արցախի գործադիրը հաստատել է «ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշիռ) մասին» որոշման նախագիծը: Համաձայն դրա՝ հանրապետության հողային պաշարների գերակշռող մասը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 593,325 հեկտար, և անտառային ֆոնդի հողերը՝ 460,474 հեկտար, իսկ ըստ սեփականության սուբյեկտների՝ գերակշռում են պետության սեփականություն հանդիսացող հողերը։
Կառավարության որոշմամբ հստակեցվել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող պետական կառավարման մարմինների ցանկը: Սահմանվել է նաև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների դրոշմավորման կարգը։
Կառավարությունը հաստատել է դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկն ու հրապարակման կարգը և սահմանել վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, ինչպես նաև՝ դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը:
Նիստում հաստատվել է այն պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը, որոնք պետական պատվերով ստանալու են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականները: