Ավելանալու է զինվորական կենսաթոշակը
Սեպտեմբերի 25 -ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Կառավարության լրատվական ծառայությունը:
Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը՝ հասնելով 16,000 դրամի, իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,500 դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների (ԽՍՀՄ բանակի՝ թվով 122 կենսաթոշակառու) և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակների չափերը՝ 1-ին խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը սահմանելով 36,000 դրամ (ներկայումս՝ 31,500 դրամ), 2-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 26,000 դրամ (ներկայումս՝ 23,100 դրամ), 3-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 18,000 դրամ (ներկայումս՝ 15,750 դրամ), մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ (ներկայումս՝ 21,000 դրամ), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 80,000 դրամ (ներկայումս՝ 70,000 դրամ)։
Կառավարության նիստում փոփոխության է ենթարկվել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը, և 2016 թվականի հունվարի 1-ից այն աճելու է շուրջ 43 տոկոսով՝ կազմելով 50,000 դրամ։ Կենսաթոշակի գումարների կրկնակի վճարման հնարավոր դեպքերը բացառելու համար՝ այսուհետև վերահաշվարկվելու են սոցիալական և զինվորական կենսաթոշակների հիմքերը: