15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սանկտ-Պետերբուրգում կայացել է Կանանց առաջին Եվրասիական Համաժողովը

Սեպտեմբերի 24-ից 25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Կանանց առաջին Եվրասիական Համաժողովը, որը նվիրված էր ԱՊՀ տարածքում սոցիալական ապահովության եւ կայուն զարգացման, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, փոփոխվող տնտեսության, քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների և մասնակցության ընդլայնման եւ սոցիալական ինտեգրացման խնդիրներին:Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկած համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, գործադիր մարմինների, գործարար համայնքի, գիտա-կրթական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, միջազգային կանանց շարժման ազդեցիկ ու հեղինակավոր բազմաթիվ գործիչներ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական հրավերով` Կանանց Եվրասիական համաժողովի աշխատանքներին մասնակցելու էր մեկնել Հայաստանից կանանց պատվիրակություն` ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Կանանց հայկական պատվիրակության կազմում էին ինչպես խորհրդարանական տարբեր կուսակցություններից  ներկայացուցիչներ, այդ թվում` ԱԺ պատգամավորներ` Նաիրա Զոհրաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լյուդմիլա Սարգսյանը,  այնպես էլ հասարակական, լրատվական, առողջապահական , մշակութային ոլորտի ականավոր կին գործիչներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը,  Երևանի քաղաքապետարանի ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, «Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, «Գոլոս Արմենի» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, «Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը, Արամ Խաչատրյան համերգասրահի գլխավոր տնօրեն Ռոզա Սիրունյանը և այլոք, ովքեր  իրենց ելույթներով և ակտիվ մասնակցությամբ ներգրավվեցին համաժողովի  տարբեր թեմատիկ քննարկումներին:

Համաժողովի բավական հագեցած օրակարգը ներառել է լիագումար նիստեր, բանավեճեր, կլոր սեղաններ , ցուցահանդեսներ, հումանիտար եւ բարեգործական նախագծերի շնորհանդեսներ:

Տավրիկյան պալատի Դումայի սրահում սեպտեմբերի 24-ին մեկնարկած` «Կանայք արդի աշխարհում. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով լիագումար նիստի բացմանը, որը վարել է ՌԴ-ի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես կարևորել է կանանց  սոցիալական, մշակութային և քաղաքական  ակտիվությունը ժամանակակից կյանքում, բարձրացրել եվրասիական տարածքում գենդերային հավասարության օրենսդրական ապահովման, քաղաքական կյանքում կանանց մասնակցության, իշխանության մարմիններում նրանց ներկայացվածության, կանանց նկատմամբ բռնության և սոցիալական անբարեկեցության դեմ համատեղ պայքարի կարևորությանն առնչվող խնդիրներ։

Հերմինե Նաղդալյանը հատկապես ներկաների ուշադրությունն է հրավիրել և փոխանցել իր անհանգստությունը` պայմանավորված  հայ-ադրբեջանական սահմանում և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինուժի շփման գծում լարվածության աճով, և որպես մայր, կին, կոչով դիմել` դադարեցնել գործողությունների ծավալումը.

«Հավասարապես տառապում են և՛ հայ, և՛ ադրբեջանցի կանայք, մայրեր և երեխաներ»- նշել է Հերմինե Նաղդալյանն իր ելույթում` ընդգծելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության և իրավիճակը չսրելու քաղաքականությամբ, մինչդեռ հարևան երկրում ամենևին էլ դրա ականատեսը չենք:

Կանանց Եվրասիական համաժողովի մասնակիցները իրենց ելույթներում հիմնականում կարևորել են  Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ պետությունների եւ Շանհայի համագործակցության կազմակերպության ինտեգրացիոն գործընթացների խորացումը` համաժողովի ակտուալությունը պայմանավորելով Եվրասիական տարածքում կանանց դերի մեծացմամբ, ինչպես նաև` ներքին եւ միջազգային խնդիրներով:

Համաժողովի մասնակիցների և ելույթների ցանկություն ունեցողների բազմաթիվության պատճառով, մասնակիցների մի մասի ելույթները կզետեղվեն համաժողովի կայքում և կտպագրվեն պատրաստվող գրքում: Հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները ակտիվ հանդես են եկել ելույթներով և մասնակցել քննարկումներին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է  կանանց ներդրմանը` աշխարհի ընդհանուր անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն իր հերթին ընդգծել կանանց դերի կարևորությունը քաղաքականության և կառավարման մեջ` դիտարկելով այն որպես հասարակության կայուն զարգացման գործոն, իսկ ՀՀ փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանն իր զեկույցում ուշադրությունը հրավիրել է կանանց տնտեսական գործունեության, ձեռնարկատիրության և փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված ծրագրերի անհրաշեժտության վրա: Ադրբեջանցի պատվիրակները անհաջող փորձ կատարեցին իրավիճակի մեջ լարվածություն մտցնելու ` մեղադրանքներ հնչեցնելով , որոնց պատասխանը հնչեցվեց մեր պատվիրակների կողմից բոլոր չորս բանավիճային հարթակներում:

Համաժողովի չորս թեմատիկ բաժանմամբ քննարկումների ընթացքում մեր պատվիրակները բարձրացրել են ինչպես տնտեսական, առողջապահական, մշակութային առաջնահերթություն ներկայացնող խնդիրներ, այնպես էլ`  տարածաշրջանային իրադրության, վտանգված խաղաղությանը, սահմանային իրավիճակի ամենօրյա դարձած սրացումներին առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանդես գալով որպես Կանանց Եվրասիական համաժողովի` «Կանայք և իշխանությունը. աշխարհի կայուն զարգացման օրակարգ» թեմայով բանավիճային հարթակի համակարգող, ներկայացրել է իր դիտարկումները` կապված անձի իրավունքների և արժանապատվության պաշտպանության, բռնության բոլոր տեսակների դեմ պայքարի, սոցիալական ապահովման, կրթության, առողջապահության, զբաղվածության առաջնայնության հիմնախնդիրների հետ:

«Մենք հասկանում ենք, որ մեր պետության մեջ կանանց հոգսերն ու չլուծված խնդիրները քիչ չեն, առաջնահերթ է այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի կանայք կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները ընտանեկան և մասնագիտական կյանքի համատեղման ճանապարհով»- իր ելույթում կարևորել է ԱԺ փոխխոսնակը` միաժամանակ նշելով, որ  Հայաստանի Կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է այդ խնդիրների լուծման համար:

«Եվրասիական միության քաղաքական կյանքում կանանց ակտիվ մասնակցությունը առարկայական անհրաժեշտություն է։ Մեր հասարակությունը չի կարող ներդաշնակորեն զարգանալ և առաջադիմել, եթե այնտեղ ցածր է կնոջ դերը, – ընդգծել է ԱԺ փոխխոսնակը, հավելելով, որ քաղաքականության մեջ տղամարդկանց և կանանց համագործակցությունը ավելի լիակատար և ներկայացուցչական ժողովրդավարության աղբյուր է:

 

Կանանց Եվրասիական համաժողովի շրջանակներում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Կիրգիզիայի պատվիրակությունների և նրանց ղեկավարների հետ:

 

Սեպտեմբերի 24-25-ը տևած Կանանց թվով առաջին  Եվրասիական համաժողովն իր երկօրյա աշխատանքներն ավարտեց եզրափակիչ փաստաթղթի ընդունմամբ, որտեղ համաժողովի մասնակիցները միահամուռ ընդգծում են խաղաղության և անվտանգության, կանանց դերի բարձրացման,  կայուն զարգացման գլոբալ նպատակների իրագործման, Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)  2015 թվականից հետո ընկած ժամանակահատվածում զարգացման ոլորտում նոր օրակարգի իրականացման , պետական կառավարմանը և բոլոր մակարդակի ընտրություններում, հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաև, տնտեսության զարգացման և արդիականացման մեջ կանանց համակողմանի և երաշխավորված մասնակցության անհրաժեշտությունը:

Համաժողովի մասնակիցները պարգևատրվեցին «Կյանքի ծառ» միջազգային մրցանակով և Կանանց Եվրասիական համաժողովի պարգևով:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ