Եվրոպացի քաղաքական գործիչները ցնցված են Ադրբեջանի կրակոցներից. ԵՄից գործողություններ են ակնկալվում
Երեկ սեպտեմբեր ամսին արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրետակոծում և գնդակոծում է ՀՀ Տավուշի մարզը՝ տարբեր տրամաչափերի զինատեսակներից, ինչի արդյունքում սպանվել է 3 քաղաքացիական անձ, և վիրավորվել են 2-ը:
Եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ իրենց զարմանքն են արտահայտել Ադրբեջանի անամոթ գործողությունների վերաբերյալ: ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խորհրդի անդամ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Միշել Ռիվազին հայտարարել է. ‹‹Ես ցնցված եմ նման բռնությունից: Մեզ հայտնի է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող պատմական թշնամության մասին, բայց այս անգամ այդ թշնամությունն ուղիղ գծով ուղղված է Հայաստանին: Սա անընդունելի է: Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է դատապարտել Ադրբեջանի գործողությունները և պատժամիջոցներ կիրառել դրանց հանդեպ: Այս խնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի մինջև չէ: Թե՛ եվրոպական, և թե՛ միջազգային այլ կառույցներ պարտավոր են դատապարտել այս գործողությունները››:
ՀԵԲ խորհրդատվական խորհրդի անդամներից ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլոն համաձայնել է նախորդ հայտարարության հետ և ավելացրել. ‹‹Ես կոչ եմ անում Ֆրանսիային, Ֆրանսիայի կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը միջամտել և ճնշում գործադրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վրա՝ նման անընդունելի գործողություններն այլևս կանխելու նպատակով››:
Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ լեհ պատգամավոր Ջերզի Բուզեկը մեկնաբանել է խաղաղ գործընթացների բացասական հետևանքները՝ նշելով, որ Ադրբեջանի հարձակումը իր ինքնիշխան հարևան Հայաստանի վրա առավել քան մտահոգիչ է, քանի որ դա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման նախօրեին, որը նպատակ ունի միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտութան վերաբերյալ խաղաղ բանակցությունները:
Մի շարք Եվրոպացիներ հայտնել են Հայաստանի հետ իրենց համերաշխութան մասին: ԵԽ ‹‹Ազատության և ուղղակի ժողովրդավարության Եվրոպա խմբի›› արտաքին գործերի հարցերով համակարգող, ԵԽ իտալացի պատգամավոր Մասսիմո Կաստալդոն նշում է. ‹‹Վերջերս մենք անցկացրինք մի հզոր բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների պատճառով պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, և այս բանաձևն, անկասկած, սանձազերծեց Ադրբեջանի կառավարության անզուսպ արձագանքը: Հույս ունեմ, որ այս անգամ եվրոպական կառույցները կցանկանան անվերապահորեն դատապարտել տխուր գործողությունները՝ երեք հայ կանանց մահը, որոնց մենք այսօր ականատես եղանք››:
Բուլղարացի պատգամավոր Անգել Դամբազսկին հավելում է. ‹‹Սա ահաբեկչական գործողություն է››:
‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությունը (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) ողջունում է այս արձագանքները: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. ‹‹Մեզ հաջողվեց իրազեկել այս դաժան հանցագործությունների մասին, որոնք պատճառ հանդիսացան Եվրոպական խորհրդարանի և անդամակցող խորհրդարանների լայն շրջանի եվրոպացի գործիչների մի շարք արձագանքների, որոնք անհապաղ կարողացան համերաշխություն հայտնեցին Հայաստանին և դատապարտեցին այդ գործողությունները: Վերջապես, մենք հայտնում ենք մեր խորին ցավակցությունը իրենց կյանքը կորցրած երեք անմեղ կանանց ընտանիքներին››: