Սահմանամերձ համայնքների բնակիչները կյանքի գնով են բերքը մշակում. գյուղնախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում և բոլոր վերամշակող ընկերություններում: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, ովքեր իրենց կյանքի գնով են բերքը մշակում` իրացումն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցում:», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանի տեղեկացմամբ ընկերությունն օրական մթերում է200 տոննա խաղող, ընդ որում, ամբողջությամբ Տավուշի մարզից: Ըստ նրա` խաղողագործների հետ կնքված պայմանագրերով նախատեսվում էր մթերել 4100 տոննա խաղող, սակայն որակյալ արտադրանքի առաջարկի դեպքում ընկերությունը պատրաստ է անսահմանափակ քանակությամբ մթերումներ իրականացնել: Ընկերության կողմից արդեն իսկ մթերվել է 2500 տոննա խաղող: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ գործարանն ունի 19 մշտական և 21 սեզոնային աշխատակիցներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ, բոլորը մարզի բնակիչներ են: