Արմեն Մարտիրոսյանն արհամարհո՞ւմ է Ստյոպա Սաֆարյանին. Իրավունք
«Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության վերաբերյալ: ԱԱԾ-ն զգուշացրել էր տիկին Փոստանջյանին, որ ՝«տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին:
Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին «Իրավունքը» դիմեց անդրադառնալ այս հայտարարությանը: «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն ավելի կարեւոր գործերով պետք է զբաղվի: Մեզ հետեւելու փոխարեն ում պետք է նրան թող հետեւեր: Թող հետեւեն ոչ լեգիտիմ իշխանություններին, որոնք կոռուպցիան ահավոր աստիճանի են հասցրել: ԱԱԾ-ն մեզանից ավելի լավ գիտի, թե իշխանություններն ինչ աստիճանի են կեղծել ընտրությունները»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
Ինչ վերաբերում է նախկին «Ժառանգական» Ստեփան Սաֆարյանի բնութագրումներին` ուղղված «Ժառանգությանը», Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ չի ընթերցել եւ չի ուզում ընթերցել Սաֆարյանի կարծիքը ու մեկնաբանել այն: «Ես կարդում եմ Լարիսա Ալավերդյանի գրածները, ով հստակ ասել է`«Ժառանգություն»-ում կան սկզբունքային նվիրյալներ, որոնցով պետք է ուժեղանա «Ժառանգությունը»: Ես եւս այդ կարծիքին եմ»,- ասաց քաղաքական գործիչը:
Կարծիք կա, որ «Ժառանգությունն» իր այս կեցվածքի պատճառով չի հայտնվի հաջորդ խորհրդարանում: «Եթե Ժառանգության խորհրդարանում չհայտվելը կփրկի Հայաստանն այս աղետալի վիճակից, ես համաձայն եմ: Մեր քաղաքացիները տեսնում են անընդհատ բյուրեղացվող ու սկզբունքային «Ժառանգություն» Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դա էլ հենց մեր քաղաքացիներին դեպի «Ժառանգություն» է բերելու»,- լավատեսորեն ասաց Ա. Մարտիրոսյանը:
«Նկատի ունեք կուսակցությունից որոշ գործիչների դուրս գա՞լը»,- հստակեցրինք կուսակցության փոխնախագահից: «Նկատի ունեմ բյուրեղացած «Ժառանգություն», որն իր սկզբունքներին հավատարիմ է լինելու»,- եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը»: