15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մետաքսի ճանապարհի վերականգնումը ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր փուլի հիմք կդնի. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Սիանում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են բազմաթիվ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այս տարի համաժողովին ներկա էին շուրջ հազար պատվիրակներ, փոխանցում է կառավարության լրատվական ծառայությունը:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ «Համագործակցության նոր մոդել. Մետաքսի մեծ ճանապարհի երկրների համատեղ զարգացում» թեմայով:

Դիմելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. «21-րդ դարում յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման հաջողությունը մեծ մասամբ կախված է նոր գլոբալ իրողություններին հարմարվելու և համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու կարողությամբ: Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնումը ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր փուլի հիմք կդնի: Դարեր շարունակ Հայաստանը համարվել է Եվրոպան և Ասիան կապող Մետաքսի ճանապարհի կարևորագույն տարանցիկ ուղի: Ունենալով այսպիսի պատմական փորձ, բնական է, որ Հայաստանը ողջունեց Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու գաղափարը, որն առաջ է քաշել 2013 թվականին Նախագահ Սի Ծինփինը: Արդեն իսկ տարվում է նպատակային աշխատանք նախագծի իրականացման ուղղությամբ այն հատվածում, որում Հայաստանը կարող է բերել իր նպաստը: Բացի այդ, այսօր Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, մարդկային ռեսուրսների և տարբեր ձևաչափերի միջազգային տնտեսական համագործակցության մեծ հնարավորությունների երկիր է: Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների շուկաներ անմիջական մուտքը, Եվրամիության հետ առևտրային արտոնյալ ռեժիմը, Իրանի և արաբական աշխարհի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը կնպաստեն տնտեսական կապերի ամրապնդմանը և Եվրասիական երկրների զարգացմանը միտված համագործակցության ընդլայնմանը: Հայաստանի նշանակությունը, որպես Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Ասիան կապող օղակ, ամրապնդելու համար այսօր իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր:
Այդ նախագծերից մեկն է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրի իրականացումը, որն ունի կարևոր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակություն: Ոչ պակաս կարևոր գործոն է նաև Ասիական զարգացման բանկի հետ երկար տարիների համագործակցության դրական փորձը, որի աջակցությամբ իրականացվում է այս նախագիծը: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կարևոր բաղադրիչ կհանդիսանա նաև Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Հայ-իրանական երկաթուղին կապահովի տարածաշրջանի համաչափ և հավասարակշռված զարգացումը, կընդլայնի տնտեսական կապերը երկրների միջև: Այս համատեքստում մենք քննարկում ենք ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացման հարցը, մասնավորապես, չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը, ինչպես նաև Հայաստանը և Իրանը միացնող երկաթուղու, որը կապահովի մեր մուտքը Կենտրոնական Ասիա և Չինաստան: Այսպիսով, Հայաստանը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը` ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման:
Հին Մետաքսի ճանապարհի վերածնունդը, որը ժամանակին հանդիսանաում էր վիթխարի առևտրային ուղի, կնպաստի Ճանապարհի բոլոր երկրների տնտեսական ու սոցիալական զարգացմանը, քաղաքական կայունությանը և արդյունքում, առաջընթացին, բարեկեցությանն ու խաղաղությանն ամբողջ աշխարհում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ