Չինաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը
Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Սիանի եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար: «Ուրախությամբ ընդունեցի այս հրավերը՝ ելնելով Մետաքսի մեծ ճանապարհի վերաստեղծման նախագծերին մասնակցելու Հայաստանի լուրջ հետաքրքրությունից»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և հայ-չինական հարաբերություններն ունեն պատմական խորը արմատներ՝ հասնելով ընդհուպ մինչև Մետաքսի մեծ Ճանապարհի գոյության ժամանակները:
«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, ինչի մասին են վկայում մարտին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան և նրա բանակցությունները Նախագահ Սի Ծինփինի հետ, ինչպես նաև երկու օր առաջ իմ և Չինաստանի վարչապետ Լի Քեցյանի հանդիպումը: Անկասկած, այս մակարդակի հանդիպումները նոր թափ են հաղորդում մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների հիման վրա կառավարությունն ակտիվ աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:
Պարոն Աբրահամյանը կարևորել է Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու չինական կողմի նախաձեռնությունը, ինչը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանի տնտեսական զարգացման համար:
Չինաստանի պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի մասնակցությունը համաժողովին և նշել, որ Չինաստանը կարևոր է համարում և շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վան Յունը նշել է, որ չինական կողմը պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ վերջին տարիների բարձր մակարդակի քաղաքական շփումները նպաստում են երկու երկրների հարաբերությունների խորացմանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում: Չինաստանի փոխվարչապետը գոհունակությամբ փաստել է, որ զգալի ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը և նույնպես համոզմունք է հայտնել, որ Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու զարգացումն էապես կնպաստի եվրասիական տարածաշրջանի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրքություն ներկայացնող այլ հարցերի ևս, կարևորել են համագործակցությունը միջազգային կառույցներում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան վերադարձել է Երևան: