Ինչո՞ւ չի վերագործարկվի Նաիրիտը
Կառավարության շենքի մոտ այսօր նորից բողքի ցույցով հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները:
«Շատերս տեղյակ չէինք, որ այսօր Կառավարության նիստ չկա, բայց դա մեզ համար կարևոր չէ, սա հավաք է և մենք այսօր հավաքվել ենք և մեր պահանջը շարունակում է մնալ Նաիրիտի վերագործարկման հարցը, ինչպես նաև մենք նախագծեր ենք առաջ քաշում, թե ինչ միջոցներով հնարավոր է գործարանը վերագործարկել»,-նշեց գործարանի նախկին մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:
Հարությունյանը ասաց, որ «Նաիրիտի» հետ կապված Կառավարության ներկայացուցիչների ելույթները վերաբերում են միայն նրան, որ գործարանը աննպատակահարմար է վերագործարկել. «Ասում են, որ 250 միլիոն դոլար է հարկավոր գործարանը վերագործարկելու համար: «Նաիրիտի» գրավիչ տեսք ունենալու համար ինչ եք անում, որ պոտենցիալ գնորդը հետաքրքրվի գործարանով: Միայն շեշտվում է մաշվածության, հնեցվածության մասին ու այսպես շարունակվելու դեպքում Նաիրիտը, իրոք, չեն կարողանա շահագործել: Եթե որոշակի քայլեր պետք է ձեռնարկեն, թող ձեռնարկեն, իսկ եթե ոչ, թող ազնվություն ունենան և ասեն, որ գործարանը չի վերագործարկվելու»: