Միջին ամսական իրական աշխատավարձի դրական դինամիկան պահպանվել է նաև օգոստոս ամսին
Ըստ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած նախնական տվյալների այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 3.9%: Աճ է արձանագրվել հետևյալ ուղություններով` գյուղատնտեսություն 13.5%, արդյունաբերական արտադրանք 4.4%, շինարարություն 0.2%, ծառայություններ 2.2%, իսկ անկում է գրանցվել առևտրի ոլորտում 5.6%:
Օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ՏԱՑ-ի աճը կազմել է 3.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալը` 9.7%, գյուղատնտեսությունը` 10.8%, ծառայությունները` 1.1%, իսկ անկում են արձանագրել առևտրի շրջանառությունը` 9.1% և շինարարությունը` 0.6%:
Սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 4.8%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը` 10.3%: Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 19.5%-ով, որում արտահանումը ավելացել է 0.5%-ով, իսկ ներմուծումը նվազել է 26.3%-ով:
Հրապարակված տվյալներից երևում է, որ օգոստոս ամսին աշխուժացել է արդյունաբերության ոլորտը, իսկ էլեկտրաէներգիայի արձանագրված 15% ֆիզիկական աճը հուշում է, որ արդյունաբերական արտադրանքի աճի մեջ մեծ բաժին են ունեցել հատկապես հանքարդյունաբերության ծավալների ֆիզիկական աճը, որտեղ հանքավայրի մեխանիզմները խոշոր էլեկտրասպառող համակարգեր են համարվում և իհարկե էներգետիկ ոլորտը իր 15% ֆիզիկական աճով:
Առևտրի ոլորտը մի քանի ամսվա կայուն աճի դինամիկա ցուցաբերելուց հետո օգոստոս ամսին նորից անկում է գրանցել, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազելով 9.1%-ով, այդ կայուն դինամիկ աճը բացատրվում է, հունիս և հուլիս ամիսներին ՌԴ-ից ոչ առևտրային նպատակով փոխանցված տրանսֆերտների մեծացմամբ, բուսաբուծության ոլորտի կիսով չափ աճով, և միջին ամսական իրական աշխատավարձի դինամիկ աճով:
Միջին ամսական իրական աշխատավարձը շարունակեց իր դրական դինամիկան նաև օգոսոտսին հասնելով մոտ 6%-ի, սակայն առևտրի շրջանառությունը 9.1% անկում գրանցեց հետևյալ գործոններով պայմանավորված` առաջինի գործոնի բացասական ազդեցությունը պատճառը ՌԴ ռուբլու փոխարժեքի արժեզրկումն էր դոլարի և դրամի նկատմամբ, որը հանգեցրեց դոլարային արտահայտությամբ տրանսֆերտների նվազմանը, իսկ երկրորդի պատճառը բուսաբուծության ոլորտի աճի դանդաղումն էր: