14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեսել է շեկ, երկար մազեր. սպանել են կեսգիշերին դռներ թակելու համա՞ր. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը:

27-ամյա Գագիկը մեղադրվում է այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ դեմքին, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսներին, որովայնի շրջանին, ու սպանել է նրան:

Գագիկ Աբրահամյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Մինչև դատաքննության սկսվելը Գագիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ես ցավակցում եմ տուժողի հարազատներին: Ես մարդասպան չեմ, պաշտպանել եմ իմ ընտանիքը և չէի ցանկանա, որ նման բան ստացվեր»:

Դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, Գագիկ Աբրահամյանն իրեն մեղավոր չճանաչեց:

Նա ասաց, որ բարձրագույն կրթություն ունի, աշխատել է Երևանի գարեջրի գործարանում, ամուսնացած է, խնամքին է մանկահասակ երեխան:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը. կհարցաքննվեն տուժողի իրավահաջորդը, վկաները, կհետազոտվեն գործում առկա այլ ապացույցները, կհարցաքննվի մեղադրանքը չընդունող ամբաստանյալը:

Վկաներից մեկը՝ դեպքին ականատես Ա. Արշակյանը, կհարցաքննվի վկաներից ամենավերջինը:

Տուժողի իրավահաջորդը սպանված երիտասարդի հորաքույրն է: Նա ասաց, որ Վազգենը 27 տարեկան էր, բարձրագույն ճարտարապետական կրթություն ուներ:

Դեպքի պահին նա չէր աշխատում, բայց աշակերտներ ուներ: Նա գիտեր օտար լեզուներ, ճարտարապետական լավ ընդունակություններ ուներ:

Ըստ հորաքրոջ՝ Վազգենը խմելու հետ սեր չի ունեցել, ինքը նրան երբեք խմած չի տեսել:

Սպանված Վազգենի հայրը շինարար է եղել, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում:

Վազգենին մեծացրել են մանկավարժներ՝ մայրն ու տատիկը: Երբ մայրն էլ է մահացել հիվանդությունից, Վազգենը մնացել է տատիկի հետ:

Ըստ հորաքրոջ՝ Վազգենը «այնպիսի երեխա էր, ում հետ զրուցելիս մարդու վրա հանգստություն էր իջնում… Ես չեմ լսել, որ նա բարձր տոնով խոսի, նա ընկերասեր էր, հասնող… Նրան «Կարմիր խաչ» էին ասում՝ ով օգնության կարիք ուներ՝ դիմում էր նրան, նա բոլորին օգնում էր…»:

Վազգենը տեսողական խնդիրներ է ունեցել, կրել է ակնոց:

Նա ամուսնացած չէր: Հորաքույրը լսել է, որ Վազգենը «Ֆեյսբուքով» շփվել է մի աղջկա հետ ու դեպքի օրը գնացել է իր պատկերացմամբ՝ այդ աղջկա շենք՝ ցանկացել է գտնել նրան:

Դեպքի օրը Սյունիքից Վազգենենք հյուր են ունեցել. հեռու ազգական Արշակյանը, ում հղի կինը առողջական խնդիրներ ուներ, կնոջ հետ եկել էր Երևան՝ բժշկի դիմելու:

Երեկոյան Վազգենենց տանը հաց են կերել, տնական օղի են խմել, ապա Վազգենն ու բարեկամը դուրս են եկել «մաքուր օդ շնչելու»: Հնարավոր է, որ նրանք, ըստ տուժողի իրավահաջորդի, քայլելով հասել են այն շենքի մոտ, որտեղ, Վազգենի ենթադրությամբ, ապրել է ծանոթուհին: Նրանք բարձրացել են երրորդ հարկ ու թակել են բնակարանների դռները…

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Մելքոնյանը սպանվածի հորաքրոջը հարցեր տվեց՝ կատարվածի պատճառի վերաբերյալ: Կինը ի վերջո պատասխանեց. «Ձեզ թվում է՝ ինձ հասկանալի՞ է՝ ինչ պատճառով է կատարվել սպանությունը…»:

Պաշտպանի հարցին՝ նորմա՞լ է կեսգիշերին մարդկանց բնակարանների դռները թակելը, տուժողի իրավահաջորդը պատասխանեց, որ եղբորորդին, երևի, համարձակություն էր ձեռք բերել՝ բարեկամի հետ գտնվելով:

Իսկ ըստ պաշտպանի՝ տուժողը համարձակություն էր ձեռք բերել օգտագործած ալկոհոլից, որի քանակությունը նրա արյան մեջ 1, 87 է եղել:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե Վազգենի թաղումը կատարել է նրա քեռին: Տուժող կողմը քաղհայցի պահանջ ունի, պահանջվող նյութական հատուցումը ոչ թե իր, այլ Վազգենի հետ ապրող տատիկի համար է լինելու…

Գործով վկա, ամբաստանյալ Գագիկ Աբրահամյանի դիմացի հարևան Արմեն Ա.-ն հայտնեց, որ ինքը նշված շենքում բնակարան է ձեռք բերել դեպքից մի քանի ամիս առաջ, նա հարևաններին, այդ թվում՝ Գագիկ Աբրահամյանին չի ճանաչել: Իրենք նույն աստիճանահարթակում են ապրել, բայց մեկ անգամ հազիվ իրար տեսած լինեն:

Դեպքի օրը՝ հունվարի 18-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում վկայի բնակարանի դռան զանգը հնչեցրել են: Նրա 14-ամյա երկվորյակ տղաները հարցրել են՝ ո՞վ է: Դրսից ինչ-որ տղամարդու են հարցրել, երեխաները պատասխանել են, որ իրենց բնակարանում այդպիսի մարդ չի ապրում:

Դուռը չեն բացել:

Սակայն մի տասնհինգ րոպե անց վկայի բնակարանի դռան զանգը նորից է հնչել:

Այս անգամ տանտերը՝ Արմենն է կիսաբաց արել դուռը: Տեսել է երկու անծանոթ տղաների, որոնցից ակնհայտորեն խմիչքի հոտ էր գալիս: Տղաներից մեկը եղել է կեպիով ու ակնոցով:

Նրանք հարցրել են՝ Նարեկի տունը սա՞ է: Այս անգամ նրանք տղամարդու ուրիշ անուն են տվել, ինչից, ինչպես նաև հարցնողների անսթափ վիճակից Արմենը լարվել է: Ասել է, որ Նարեկի բնակարանը չէ:

Անծանոթները հարցրել են. «Սա 32 բնակարանը չի՞»:

Տանտերը ավելի է զայրացել, ասել է՝ չե՞ք տեսնում, որ բնակարանի վրա գրված է «33»: Անծանոթները հարցրել են, թե այդ դեպքում ո՞րն է «32» բնակարանը:

Տանտերն ասել է՝ չգիտեմ:

«Ստեղ չես ապրո՞ւմ»,- հարցրել են նրան:

«Ստեղ եմ ապրում ու չգիտեմ»,- ավելի է լարվել Արմենը:

Այդ ժամանակ ակնոցով երիտասարդն ասել է. «Ինչի՞ ես ջղայնանում»:

Արմենը պատասխանել է. «Մի ջղայնացրեք, չեմ ջղայնանա»: Ու նա փակել է դուռը:

Այնուամենայնիվ, Արմենը նայել է դռան դիտանցքից՝ զգուշանալով, որ անծանոթները նորից կարող են իր դռան զանգը հնչեցնել, իր տարեց հայրը, ինչպես նաև երեխաներն արդեն պառկել էին քնելու:

Ըստ դատաքննական ցուցմունքի՝ Արմենը տեսել է, որ անծանոթները նախ թակել են իր դռան կողքի դուռը, բացող չի եղել: Հետո թակել են դիմացի դուռը՝ Գագիկի բնակարանինը:

Դուռը բացել են: Արմենը վիճաբանության ձայներ է լսել ու հեռացել է դիտանցքից:

Դատարանում Արմենն ասաց, թե լավ չի տեսել՝ կի՞ն է բացել դուռը, թե՞ տղամարդ: Իսկ նախաքննական ցուցմունքում ասել է, թե դուռը կին է բացել, ինքը տեսել է շեկ, երկար մազեր:

Արմենն ասաց, որ դիտանցքից հեռանալով՝ ինքը աղմուկ է լսել, լսվել են որոշ «ֆրազներ». «Էսա ոստիկանություն կկանչեմ»՝ կին է եղել ասողը: Հետո՝ «Իջի, գալիս եմ» կամ՝ «Հագնվեմ՝ գամ»՝ վկան ասաց, որ լավ չի հիշում, չի կարող ստույգ «ցիտել»: Իսկ հետո լսել է. «Գնացիր շորերդ հագար, մուննաթ ե՞ս գալիս»:

Դրանից հետո աղմուկն ուժեղացել է, Արմենը դիտանցքից չի նայել:

Գիշերվա ժամը 2-ի սահմաններում նրանց դուռը նորից են թակել: Այս անգամ ոստիկանության աշխատողներն են եղել, ովքեր ասել են, որ սպանություն է կատարվել, ու մինչև գիշերվա ժամը 4-ը հարցաքննել են Արմենին:

Մյուս վկան նույն շենքի չորրորդ հարկի բնակիչ Արմենն էր, ով ապրում է ամբաստանյալի անմիջապես վերևում: Նա ասաց, թե դեպքի օրը ինքը շուտ է պառկել քնելու, իրեն արթնացրել են կինն ու որդին ու ասել են, որ իրենց մուտքում ուժեղ աղմուկ է, ինչ-որ բան է կատարվել:

Վկան անմիջապես հագնվել ու որդու հետ դուրս է եկել: Երբ իջել են երրորդ հարկ՝ աստիճանահարթակը՝ հիմնականում Գագիկի դռան առաջը, լրիվ արյուն է եղել, արյան լճակ, այնպես որ վկան ու իր որդին բազրիքի վրայով ցատկել ու ներքև են իջել: Արյան հետքերը նույնպես իջնում էին մինչև առաջին հարկ:

Երրորդ հարկում ոչ ոք չի եղել, Գագիկի տան դուռը փակ է եղել:

Աղմուկը եղել է առաջին հարկում: Մուտքի դռան հետևում ընկած է եղել մի տղամարդ, ում դեմքը վկան չի տեսել: Նա, ըստ վկայի, դեռ շնչում էր, բայց աչքերը փակ էին:

Ընկածի մոտ գնում-գալիս ու գոռգոռում էր նրա ընկերը, ով, ըստ վկայի՝ խմած էր, հստակ բան չէր ասում, միայն գոռում էր՝ փրկեք ընկերոջս: Նա փորձում էր շտապօգնություն զանգել, բայց մատները իրեն չէին ենթարկվում: Շտապօգնություն ահազանգել են Գագիկի հարևանները:

Ընկածի ընկերոջ խոսքերից վկան հասկացել է, որ նրանք ինչ-որ աղջկա են փնտրել, բարձրացել են երրորդ հարկ, դռներ են թակել, վիճաբանության մեջ են մտել, որի ժամանակ ընկերը դանակի հարվածներ է ստացել:

Դատարանում վկան ասաց, թե դեպքը պատահել է, որովհետև անծանոթները «ներխուժել են» Գագիկի տուն: Գագիկին նա դրական բնութագրեց, ասաց, թե նրանց տանից երբեք աղմուկ չեն լսել:

Ոստիկանների գալուց հետո վկային, որպես ընթերակայի, հրավիրել են Գագիկի տուն:

Ըստ վկայի՝ Գագիկի տան միջանցքում էլ արյուն կար, արյուն կար նաև միջանցքի ձախ պատին:

Վկայություն տվեց նաև այս վկայի տիկինը: Նա ասաց, որ դեպքի օրը, կեսգիշերին մոտ, երբ ամուսինը քնած էր, ներքևի բնակարանից կամ աստիճանահարթակից՝ լավ չէր հասկացվում, ուժեղ աղմուկ է լսվել: Այնքան ուժեղ «դմփոցներ» են լսվել, որ իրենց սենյակի պատին կախված նկարն ընկել, ու ապակին ջարդվել է: Սկզբում վկան մտածել է՝ ներընտանեկան աղմուկ կարող է լինել, բայց երբ աղմուկի բնույթից հասկացել է, որ դա այլ աղմուկ է, որդու հետ արթնացրել է ամուսնուն:

Վկան դուռը բացել, ներքև է նայել ու երրորդ հարկի աստիճանահարթակին արյան լճակ է տեսել: Նա ներքև չի իջել: Մուտքի արյունը ոստիկանների տեղազննությունից հետո մաքրել են մուտքի տղամարդիկ:

Վկան դրական բնութագրեց ամբաստանյալի ընտանիքը, ասաց, թե իր լսելով՝ անծանոթները «ներխուժել են» Գագիկի բնակարան: Վկան լսել է նաև, որ անծանոթները իրենց մուտք են մտել ինչ-որ աղջկա գտնելու: Վկան ասաց, որ Գագիկի բնակարանի կողքի բնակարանում մեկ տարի առաջ, հնարավոր է, ինչ-որ աղջիկներ են ապրել: Վարձով ապրողները հաճախ են փոխվում իրենց մուտքում, ինքը վարձով ապրողներին չի ճանաչել, նրանց հետ չի շփվել…

Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ