Էլեկտրաէներգիայի թանկացված սակագնի սուբսիդավորման մեխանիզմները
Օգոստոս ամսվա համար ՀԷՑ-ի կողմից ներկայացված սուբսիդիայի գումարը կազմել է 1.8 մլրդ դրամ, որից 986, 8 միլիոն դրամը բնակիչ սպառողների սուբսիդավորման ենթակա գումարն էր: Իսկ ոչ բնակիչ սպառողների օգտագործած էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է 21 միլիոն:
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ էլեկտրաէներգիասյի թանկացված սակագնի սուբսիդավորման վերաբերյալ իր մեկնաբանությունները հնչեցրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը:
«Օգոստոսի 31-ի Կառավարության որոշմամբ 2015-ի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, ՀՀ Կառավարությունը 0.38 և ցածր լարմամբ սնվող բնակիչների համար ամբողջ սպառման համար ցերեկային 48 ու 78 դրամ սակագնից կսուբսիդավորի 6. 93 դրամը: Գիշերային 38,78 դրամ սակագնից նույնպես կսուբսիդավորի 6.93 դրամը: Նույնչափ սուբսիդավորում կլինի նաև 0.38 և ցածր լարմամբ սնվող սպառման յուրաքանչյուր համակարգում ամսեկան մինչև 500 կվ/ժամ սպառում ունեցող և 250 կվ սպառման մասով ոչ բնակիչ սպառողների համար ցերեկային 48 և 78 դրամ սակագնից և գիշերային 38,78 դրամ սակագնից»,-ասաց Գյուլումյանը:
Նա նշում է, որ ՀԵՑ-ը օգոստոս ամսվա տվյալները ամփոփելուց հետո էներգետիկայի նախարարությանն է ներկայացրել տեղեկանք, որտեղ հստակորեն երևում է այդ սպառողների քանակը, նրանց ծախսած էլեկտրաէներգիայի քանակը, ինչպես նաև սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը:
«Իսկ Էներգետիկայի նախարարությունն այդ տեղեկատվության հիմքով առաջարկություն է ներկայացրել Կառվարությանը և առաջիկայում Կառավարությունը կսահմանի կամ կընդունի որոշում, որով հայտնի կդառնա վճարման աղբյուրը և սուբսիդավորումը»,-նշեց Գյուլումյանը:
Օգոստոս ամսվա համար սպառած էլեկտրաէներգիայի դիմաց սուբսիդավորում ստացած բնակիչների ընդհանուր քանակը կազմել է 767 հազար, իսկ ոչ բնակիչների թիվը 23 հազար:
«Հետագայում յուրաքանչյուր ամիս, մինչև խորհրդատվական ծառայությունների ավարտը, ՀԷՑ-ը կրկին կներկայացնի տեղեկանք, թե այս խմբի սպառողները ինչքան են ու կհաշվարկվեն սուբսիդիաները: Մնացած սպառողների օգտին սուբսիդիաներ չեն տրամադրվում համաձայն Կառավարության հայտնի որոշման»,-ասաց Գյուլումյանը: