Մինչև տարեվերջ մթերված խաղողի դիմաց կմարվեն բոլոր մենատնտեսների պարտքերը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին մեկնել է Մարտունու շրջան և աշխատանքային շրջայցով եղել մի շարք համայնքներում: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը:
Գործադիր իշխանության ղեկավարը նախ հանդիպել է Մարտունու համար 1 և 2 դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին, նրանց հետ քննարկել է կրթական ոլորտին վերաբերող հարցեր, ինչպես նաև խոսվել է ապագայում երկու դպրոցների միավորման մասին: Այդ կապակցությամբ նա լսել է ուսուցիչների կարծիքներն, առաջարկություներն ու մտահոգությունները և նշել, որ դրանք անպայման հաշվի են առնվելու կառավարության կողմից ընդունվելիք որոշումների ժամանակ: Հանդիպումից հետո վարչապետն այցելել է Մարտունու համար 2 հիմնական դպրոց և ծանոթացել առկա պայմաններին:
Այնուհետև Ա. Հարությունյանն այցելել է շրջկենտրոնում բարեգործական ծրագրով կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամաս, որտեղ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Վարչապետը ծանոթացել է շինարարության ընթացքին, բնակարանների պայմաններին, պատասխանատուների հետ քննարկել է թաղամասի շահագործման հետ կապված մի շարք հարցեր:
Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության Մարտունու տեղամասում, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին: Ընկերության գործադիր տնօրեն Կառլեն Պետրոսյանը վստահեցրել է, որ խաղողի ընդունման հետ կապված առ այսօր խնդիրներ չեն ծագել, և գործարանն ամեն օր շարունակում է մթերում իրականացնել՝ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր մենատնտեսներից: Կ. Պետրոսյանը նշել է, որ կառավարության հետ նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև տարեվերջ մթերված խաղողի դիմաց կմարվեն բոլոր պարտքերը՝ վճարելով նախ փոքր, ապա և՝ խոշոր մենատնտեսներին: