Շնորհավորում եմ Ձեզ. Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության տոնի կապակցությամբ:Ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը:
Կորցնելով պետականությունը` հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ: Սակայն նա երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից:
Այդ նպատակներն իրականություն դարձան 1991 թվականին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն` իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օր օրի ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը և կերտելով իր հուսալի ապագան:
Մեծարգո Սերժ Ազատի,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին` Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք մեր ժողովրդին ու Մայր Հայաստանին, որը բոլոր հայերի հայրենիքն է, հպարտությունն ու ապավենը»: