Ջավախքում խաչքար-հուշակոթող կանգնեցվեց /ֆոտո/
Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում սեպտեմբերի 12-ին բացվեց խաչքար-հուշակոթող, որի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ և Ախալքալաքից գործարարներ:
Հուշակոթողն իր մեջ չորս խորհուրդ ունի. հավերժացնում է Եղեռնի զոհերի հիշատակը, արցախյան գոյամարտի, Մեծ հայրենականի զոհերի հիշատակը, իսկ չորրորդ խորհուրդը գյուղի ստեղծման փաստն է: Նշենք, որ Թախչա գյուղի բնակիչները այդ օրը տոնում էին գյուղի հիմնադրման 180-րդ տարեդարձը:
«Այսօր տոն է ոչ միայն ձեզ համար, այլ նաև ողջ Ջավախքի համար, բոլորիս համար, որովհետև այսօր մենք գտնվում ենք Ջավախք աշխարհի ամենափոքրիկ հայկական համայնքում, բայց այստեղ են հավաքվել աշխարհի տարբեր անկյուններից ջավախահայերը»,- Շնորհավորելով Թախչա գյուղի բնակիչներին գյուղի հիմնադրման տոնի կապակցությամբ՝ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վարաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը նույնպես շնորհավերեց գյուղացիներին տոնի կապակցությամբ և անդրադարձավ Հայոց Ցեղասպանությանը.«Ես ուզում եմ նաև նշել, որ հայ ժողովրդի պատմության մեջ ողբերգական էջերից մեկը հայ ժողովրդի ցեղասպանությունն է Օսմանյան կայսրությունում: Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ ամբողջ աշխարհը կդատապարտի այդ ցեղասպանությունը, եթե ժամանակին ամբողջ աշխարհը դատապարտեր այդ ոճրագործությունը, այսօր չէր լինի ցեղասպանություն այլ ժողովուրդների նկատմամբ»,- նշեց Սամվել Պետրոսյանը:
Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով Ջավախքից Տաճատ Վարդապետյանն էլ նշեց, որ Թախչայում իր կենսագրությունից մի բեկոր է կապված և հիշեց իր ընկերներին, որոնք Թախչայից են:
«Ապրեն այն տղաները, իմ սիրելի ընկերները, որ այսօր «տունդարձի» արարողությունը կազմակերպում են ամեն տարի շենացված, այդ «տունդարձն» ավելի հետաքրքիր է կազմակերպվում և Թախչան իրավունք չունի առանց բնակիչ մնալու: Ավելին, ես ակնկալում եմ, որ Թախչայում ընդլայնված վերարտադրություն է լինելու»,- լավատեսորեն առանձնացրեց Տաճատ Վարդապետյանը:
Ելույթներից հետո բացվեց և Վիրահայոց թեմի հոգևորականների կողմից օծվեց հուշակոթողը:
Նշենք, որ Թախչա գյուղը հիմնադրվել է 1835 թվականին: Բնակիչները ներգաղթել են 1835 թվականին Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Իմուտում գյուղից: