ԶՊՄԿ-ին Քաջարան գյուղի հողը պետք չէ. Առավոտ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը “Առավոտ”-ի հետ զրույցում ասել է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել, չնայած այդ տարածքում են գտնվում մոլիբդենի հսկայական պաշարներ: “Իրականում էդ հողերը մեզ հիմա պետք չեն: Էդ գյուղի տարածքը կոմբինատին պետք չի: Ոչ էլ որեւէ մեկը ասում ա՝ տվեք ինձ, իրենք են հենց-նենց ոռնոցները գցել”,-ասել է Մ. Հակոբյանը:
Aravot.am-ի հարցին՝ եթե կոմբինատին պետք չեն, ինչո՞ւ են կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչվում, պատասխանեց. “Որովհետեւ վաղը մեկը կարող ա գա՝ էդ հողի վրա ինչ ուզի՝ անի: Հանքի վրա գտնվող հողը չի կարելի այլ նպատակներով տալ: Էսօր էդ տարածքում աշխարհի մոլիբդենի 7-8% պաշարները կան, չի կարելի թողնել: Իրենք վերցրել էին 150 հեկտար վաճառել, ավելի ճիշտ՝ պայմանագրով տվել մեկին, հետ վերցրեցինք: Բայց իրենք կարող են էլի նույն բանը անել, տալ ու պրոբլեմներ առաջացնել”,-“Առավոտին” ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը: