Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել: «Gundemkibris.com» լրատվական կայքի համաձայն՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջային ուղղված քննադատություններին և բողոքներին ավելացել է ևս մեկը, գրում է Ermenihaber.am-ը:
Մասնավորապես, Թուրքիայի Իզմիր նահանգում բնակվող Ջոշքուն Քըլըչ անունով մի քաղաքացի նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացրել: Քըլըչը ասել է, որ Ալի Հայդար Քոնջայի հայտարարությունը «թշնամանք է սերմանում» և «Թուրքիայում տիրող ներկայիս անկայուն իրավիճակում տեղին չէ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ձևավորված ժամանակավոր կառավարությունում Եվրամիության հարցերով պատասխանատու նախարարի պաշտոնը զբաղեցրած Քոնջան օրերս, պատասխանելով ցեղասպանության վերաբերյալ իրեն ուղղված մի հարցին, ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում»:
Աղբյուր` Ermenihaber.am