PKK-ն հարձակումներ է իրականացրել Թուրքիայում. կա 4 զոհ
Գիշերը և վաղ առավոտյան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում զինված հարձակումներ ու պայթյուններ են իրականացրել: Պայթյունների ու հարձակումների հետևանքով կա 4 զոհ և 5 վիրավոր, հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այսօր վաղ առավոտյան Մարդինի Դարգեչիթ գավառում ՔԲԿ-ականների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելու ընթացքում պայթեցվել է մի ոստիկանական մեքենա: Պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել:
Ըստ թուրքական «maynet.com» կայքի` ՔԲԿ-ականները գիշերվա ժամերին նռնականետերով հարձակումներ են իրականացրել Հաքքարիի նահանգի Շեմդինլի գավառի Յեշիլովա անցակետի անվտանգության ծառայողների ու Ումուրլուի 34-րդ սահմանային բրիգադի վրա:
Մարդինի նահանգի Դերիքի գավառում էլ քուրդ գրոհայինները պայթեցրել են անվտանգության աշխատակիցներին տեղափոխող մեքենան, ինչի հետևանքով 2 ոստիկան է վիրավորվել:
Էլազըղի (Խարբերդ) Քովանջըլար գավառում ՔԲԿ-ականները հարձակվել են ճանապարհային ոստիկանության անցակետի վրա, ինչի հետևանքով էլ վիրավորվել է 3 ոստիկան:
Աղբյուր` Ermenihaber.am