ԲՀԿ-ի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը
Նախագահական ընտրություններում ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի ՛՛Կոնգրեսից՛՛ ցանկալի թեկնածուն միայն ու միայն առաջին նախագահն է, ոչ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, ոչ Լևոն Զուրաբյանը:
Այս մասին Եղիազարյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին՝ ինչու ոչ Փաշինյանը կամ Զուրաբյանը, Եղիազարյանը պատասխանեց. ՛՛Միայն Լևոն Տեր-Պետրոսյան. էնտեղ փորձ կա, անցած ուղի կա, հազար ու մի հարցեր կան, մարդ է պետք, որ փոխի…և գիտելիք համապատասխան՛՛:
Հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք ՀԱԿ անդամը տեղյակ է վերոնշյալ երկու պատգամավորների միջև եղած հակասություններից: Սակայն նա խորհուրդ տվեց այդ մասին նրանց հարցնել՝ ասելով, որ ինքը տեղյակ չէ:
Խոսելով մյուս կուսակցությունների հավանական թեկնածուների մասին՝ Եղիազարյանը նշեց, որ չի կարծում, թե ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը արևմուտքի կողմից պատրաստված մարդ է՝ ՀՀ նախագահի թեկնածու դառնալու համար: ՛՛Նրա գործունեության մեջ այդպիսի բան չեմ տեսել՛՛:
Իսկ ո՞վ պետք է լինի ԲՀԿ-ի թեկնածուն հարցին, ՀԱԿ անդամը կես կատակ, կես լուրջ պատասխանեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս սատարելու կոչ Եղիազարյանը արեց նաև ՛՛Ազատ դեմոկրատներին՛՛: ՛՛Հուսով եմ, որ Քոքոբելյանի հետ, Արարատ Զուրաբյանի հետ, մենք բոլորս թև- թևի տված կկանգնենք մեր երկիրը փոխելու՛՛,-ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ ՛՛Ժառանգության՛՛ հետ նրանց անհաջող գործունեությունն արդյունք էր նրա, որ ինչ-որ երկիր էր որոշել այդպես խաղալ և ինչ-ինչ բաներ պլանավորածի նման չստացվեցին: