Հայաստանի վարչապետը շահագրգռված է փրկելու Թումանյանի Թիֆլիսի տունը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհին` Իրմա Թումանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեռ հնարավոր է կանխել Վրաստանում գտնվող բանաստեղծի տան վաճառքը: Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները փորձում են 70 հազ դոլարով վաճառել “Turan Georgia” թուրքական դիզայներական ընկերությանը:
Թիֆլիսի ամենաթանկ եւ հեղինակավոր` Սոլոլակի թաղամասի Դավիթաշվիլի18 հասցեում գտնվող տունը թուրք բանվորների հանրակացարան պիտի դառնա: “Թումանյանը այդտեղ բնակվել է մինչեւ իր մահը` 1923 թվականը, իսկ նրա ընտանիքի մյուս անդամները` մինչեւ 1950 թ.: Թբիլիսյան այդ շենքը եղել է քաղաքապետարանի սեփականությունը: Այնտեղ այսօր երրորդ հարկի սենյակներից մեկում բնակվում է բանաստեղծի ծոռնուհի Ալինա Թումանյանը, իսկ մյուս 4 սենյակներն ունի սեփականատեր, ով որոշել է վաճառել իրեն պատկանող մասը”,-ասաց տիկին Իրման:
Թումանյանի թոռնուհին տարիներ առաջ հանդիպելով տարբեր պաշտոնյաների հետ` փորձել է գումար հայթայթել, որպեսզի գնեն այդ բնակարանը: Բայց այդպես էլ որեւէ մեկը սեփականատիրոջ` Լիժավայի կողմից պահանջված գումարը չի տրամադրել: Անգամ, նամակ է ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, սակայն որեւէ դրական լուծում չի տրվել հարցին:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ ասաց, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկվել է հարցը:
Վարչապետը շահագրգռված է, որ հարցը խոհեմ եւ ճիշտ լուծում ստանա: Այդ իսկ պատճառով էլ, վաղը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան: Նրանք վրացի գործընկերների հետ կփորձեն ընդհանուր հայտարարի գալ: