Տոնական միջոցառումներ ՀՀԿ տարածքային կազմակերպությունների մասնակցությամբ
Լինելով Հայոց Բանակի ստեղծման ակունքներում, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մշտապես աջակցել է մեր զինված ուժերի կայացմանն ու մարտունակության բարձրացմանը:
Հայոց բանակի կազմավորման 20 րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված 5 րդ բանակային կորպուսում կազմակերպված տոնական զինվորական շքերթին ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի Էրեբունի, Նուբարաշեն և Արաբկիր տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Զինվորական շքերթի հանդիսավոր մասի ավարտից հետո ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները մտերմիկ ու ջերմ զրույց են ունեցել զինվորների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով ու մաղթել խաղաղ ծառայություն: Բանակային կորպուսի զորամասերին ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների կողմից հանձնվել են հեռուստացույցներ:
ՀՀԿ տարածքային կազմակերպությունները Հայոց Բանակի 20 ամյակին նվիրված ‘’Ես եմ քո զինվորը’’ խորագրով քայլերթ են կազմակերպել, որը սկսվել է Վահան Զատիկյանի անվան զբոսայգուց: Հանրապետական կուսակցության անդամներ ու միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել համայնքի առաջին ղեկավար, ազատամարտիկ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի հուշարձանին:
Երթը շարունակվել է դեպի Զորավար Անդրանիկի հուշարձան, որտեղ տեղի է ունեցել երդման խորհրդանշական արարողություն: Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ երդվել են լինել Հայոց մեծերի արժանի հետնորդները: