24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքը կապահովագրի՞, թե խնդիրներ կստեղծի

Խորհրդարանն այս տարվա առաջին քառօրյայում 64 կողմ, 7 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի նախագիծը, որով սահմանվում է, թե ինչ է իրենից ներկայացնում արտակարգ ռեժիմը, ինչ սահմանափակումներ կարող են լինել այս դեպքում, ինչպես է հաստատվում, փոփոխվում եւ դադարեցվում այն:

Henaran.am-ը տեղեկացրել էր, որ օրինագիծը ենթադրում է նաեւ պաշտպանական ուժերի օգտագործում արտակարգ ռեժիմի ժամանակ եւ սահմանում է , թե որ դեպքում եւ ինչպես պետք է օգտագործվեն  զինված ուժերը: Այս դրույթը պատգամավորների կողմից բուռն  քննարկվել է, անգամ որակվել հակասահմանադրական:

Henaran.am-ը նախագծի վիճահարույց դրույթի շուրջ զրուցել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հետ:

Պարոն Մուրադյան, կառավարության ներկայացրած նախագիծը  խորհրդարանում քննարկման ժամանակ հակասահմանադրական որակվեց:

-Ես, մեղմ մասած, չեմ կիսում այդ հայտարարությունը, որովհետեւ բոլոր զարգացած երկրներում բանակի ներգրավումը թույլատրելի է այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ հաստատել սահմանադրական կարգը կամ վերացնել սահմանադրական կարգին սպառնացող վտանգները:

Մեր նախագծում խոսքը այն մասին է, որ բանակի ներգրավումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերով սահմանադրական կարգին սպառնացող վտանգները չեզոքացնել հնարավոր չէ:

Այսինքն, սահմանվում է բանակի ներգրավման սուբսիդիարության սկզբունքը: Սա չափազանց կարեւոր երաշխիք  է, որպեսզի բանակը օգտագործվի միայն Սահմանադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան:

Բայց ՀՀ Սահմանադրութունը /8.2-րդ հոդվածը/ հստակ նշում է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

-Ըստ Սահմանադրության, բանակը կարող է ներգրավվել, որպեսզի ապահովվի պետության տարածքային ամբողջականությունը, սահմանների պաշտպանությունը նաեւ պետության անվտանգությունը: Անվտանգությունը ունի  ներքին եւ արտաքին բաղադրիչ:

Ներքին անվտանգության տեսանկյունից սահմանադրական  կարգին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար, եթե այլ կերպ հնարավոր չէ, միանշանակ բանակը կարող է ներգրավվել, բայց բանակի ներգրավումը ենթադրում է, որ այն գործելու է  որպես դե ֆակտո ոստիկանություն: Օրինագիծն այստեղ բացառում է որեւէ հնարավորություն, որպեսզի բանակն օգտագործվի ինչ-որ քաղաքական նկատառումներով:

Ինչպե՞ս պետք է որոշվի, արդարացվա՞ծ է արդյոք ԶՈւ ներգրավումը:

-Սահմանադրությունը սահմանում է մի շարք երաշխիքներ բանակի օգտագործման առնչությամբ, եւ ընդհանրապես, արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ: Առաջինը այն է, որ հանրապետության  նախագահը պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի եւ հանրապետության վարչապետի, այսինքն,  քաղաքական մեծամասնսնությունը ներկայացնող պաշտոնատար անձանց հետ:

Երկրորդ, ըստ օրինագծի, նա որոշումը պետք է ընդունի ինքնուրույն, սակայն, դրանից հետո որոշումն անհապաղ ուղարկվում է ԱԺ-ի քննարկմանը, որը որոշում է, արդյոք պետք է չեղյալ հայտարարել արտակարգ ռեժիմի առնչությամբ առանձին միջոցառումների իրականացումը կամ ընդհանրապես  արտակարգ դրությունը չեղյալ հայտարարել: Այսինքն,  այս հարցի առնչությամբ կա լիարժեք խորհրդարանական վերահսկողություն:

Բացի այս, օրինագծում մի շարք երաշխիքներ կան մարդու եւ քաղաքացու իրավունքների սահմանափակումների սահմանների տեսանկյունից` ամրագրված է համաչափության սկզբունքը , ուժի կիրառման սկզբունքները եւ տրամաբանությունը: Անգամ զինված ուժերի ներգրավման պարագայում, զինված ուժերը ուժ, հատուկ միջոցներ են կիրառում Ոստիկանական զորքերի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այս երաշխիքների ամբողջությունը թույլ է տալիս ինձ պնդել, որ ընդհակառակը, այս օրենքի ընդունումը կապահովագրի մեզ ինչ-ինչ էքսցեսներից:

-Պարոն Մուրադյան, պատգամավորները նշում են, որ նշված կանոնակարգից մի փոքր շեղումը կամ չնչին խախտումն անգամ, կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ի՞նչ երաշխիքներ կան, որ զինված ուժերն, այդուհանդերձ, դուրս չեն գա Ձեր նշած շրջանակներից:

-Այդ երաշխիքները լինում են օրենսդրական եւ պետք է լինեն նաեւ իրավակիրառ պրակտիկայում: Օրենքն  ամրագրել է այնպիսի սկզբունքներ, որպեսզի երաշխավորի, որ իրավակիրառողներն օրենքը կկատարեն մեր Սահմանադրության տառին եւ ոգուն լիովին համապատասխան:

Ինչ վերաբերում է շեղումներին, դրանք  հնարավոր են , անկախ զինված ուժերի ներգրավման հանգամանքից: Հնարավոր է, որ ոստիկանությունը, ես չեմ խոսում անգամ արտակարգ իրավիճակում, ընդհանրապես, որեւէ իրավիճակում գործի ոչ համարժեք:

Դրա համար կա դատական վերահսկողություն: Գոյություն ունի վարչական դատարան: Եթե դա հանգեցրել է հանցագործությունների կատարման, գոյություն ունի դատախազություն, այսինքն, իրավապահ եւ արդարադատության համակարգերը հենց կոչված են կանխելու այդպիսի խնդիրների առաջացումը: Ներքին զորքերի ներգրավման հետ սա ինքնին կապ չունի:

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ